Եվրամիության առաջնորդները հաջորդ շաբաթ Զալցբուրգում հանդիպման ընթացքում հայտարարելու են Brexit-ի հարցով արտահերթ գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը,– հաղորդում է The Guardian-ը։
Զալցբուրբգում ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-20-ը, ԵՄ առաջնորդները դիտարկելու են Բրիտանիայի հետ բանակցությունների ընթացիկ վիճակը և, ամենայն հավանականությամբ, ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեին կարգադրելու են աշխատել Թերեզա Մեյի առաջարկությունների վրա։
ԵՄ հերթական գագաթնաժողովը նշանակված է հոկտեմբերի 18-19-ին. պետությունների առաջնորդները խնդրում են, որպեսզի այդ պահին արդեն պատրաստ լինի որոշումն առ այն, թե ինչպես պետք է Մեծ Բրիտանիան խուսափի Իռլանդիայի հետ կոշտ սահմանից։
Հատուկ գագաթնաժողովին, որը, հավանաբար, տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին, ԵՄ երկրների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները քաղաքական հռչակագիր են ընդունելու առևտրի, անվտանգության, ավիացիայի և ձկնորսության մասին հետագա համաձայնագրի վերաբերյալ։











































