Կիրակի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում հավաքվել են հարյուրավոր թուրք լրագրողներ՝ ի նշան Սիրիայում Milliyet թերթի ֆոտոլրագրող Բունիամին Այղունի առևանգման դեմ բողոքի:
Ցուցարարները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել աջակցել Սիրիայում առևանգված լրագրողներին ազատ արձակելու հարցում՝ հաղորդում է ru.euronews.com-ը:
«Որքան ես գիտեմ, 30 լրագրողներ անհետ կորել են Սիրիայում: Բունիամին միայն նրանցից մեկն է: Ճիշտն ասած, ես արդեն մեկուկես տարի է՝ վախենում եմ այցելել Սիրիա, ինչպես իմ մյուս գործընկերները: Այնտեղ վտանգավոր է: Ոչ մեկը չի կարող երաշխավորել մեր անվտանգությունը»,- ասել է ցույցի մասնակից լրագրողներից մեկը:
Հիշեցնենք, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն Սիրիան երկրորդ տարին անընդմեջ ճանաչում է ամենավտանգավոր երկիրը ԶԼՄ-ների աշխատակիցների համար:







































