Ուկրաինայում 2015-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին կմասնակցեն ընդդիմության բոլոր երեք առաջնորդները: Այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Քաղաքագետը նշել է, որ որոշումը կայացվել է 2013թ. մայիսին:
«Միասնական թեկնածուի հարցով մենք արդեն անցկացրել ենք բանակցությունների մեծ մասը: Անցած տարվա մայիսի 18-ին մենք ստորագրել ենք երեք քաղաքական ուժերի համաձայնագիր, որում հստակեցված է, որ միասնական թեկնածուն աջակցություն կստանա երկրորդ փուլում: Այս համաձայնագիրը ստորագրվել է և պետք է իրագործվի: Առաջին փուլում ընդդիմության բոլոր թեկնածուները կանցնեն փրայմերիզ, իսկ ավելի շատ ձայն հավաքած թեկնածուն կստանա բոլոր ընդդիմադիր ուժերի աջակցությունը»,- ասել է Յացենյուկը:
Ընդդիմադիրի խոսքով՝ «հաղթանակը ոչ թե նախագահ դառնալն է, այլ երկիրը փոխելը, իսկ միայն նախագահը ի վիճակի չէ դա անել»:
«Մեր հաղթանակը կայանում է նրանում, որ 2014-ին երեք ընդդիմադիր կուսակցությունները ձևավորեն միասնական հաղթող թիմ»,- ասել է քաղաքական գործիչը:










































