Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը պայքարը կսկսի Ազգերի լիգայի խաղարկությունում՝ «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Լիխտենշտեյնի ազգային թիմի հետ: Վերջին օրերին քննարկման լայն առարկա է դարձել Վարդան Մինասյանի կողմից հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակն ու մեր ազգային հավաքականի հնարավոր մեկնարկային կազմն առաջիկա խաղում:
Մասնավորապես, կարծիքներ են հնչում, որ հավաքական չեն հրավիրվել մի քանի արժանի ֆուտբոլիստներ, որոնց փոխարեն ազգային թիմի ճամբարում են խաղացողներ, որոնք ունեն մարզավիճակի և խաղային պրակտիկայի հետ կապված խնդիրներ: Այժմ, սակայն, պատեհ ժամանակը չէ անդրադառնալու Մինասյանի հրապարակած ցուցակին: Ունենք այն, ինչ ունենք, և մնում է միայն հաջողություն ցանկանալ մեր մարզչին ու ֆուտբոլիստներին առաջիկա կարևորագույն խաղերում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի հավաքականը Սկոպյեում մրցելու է Մակեդոնիայի ընտրանու հետ:
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ կազմով վաղը կսկսի խաղը Հայաստանի ազգային հավաքականը: Մինասյանի գլխավորությամբ այս տարի Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրել է մայիսի 29-ին՝ Ավստրիայում մրցելով Մալթայի հետ: Մինասյանն այս մրցավեճում նախընտրել էր 4-2-3-1 դասավորությունը: Հունիսի 4-ին տեղի ունեցած Մոլդովայի հետ խաղում էլ Մինասյանը խաղը կառուցել էր ինչ-որ տեղ անսովոր՝ 3-4-3 խաղային սխեմայով: Այս տարբերակում, սակայն, ձախ և աջ եզրերում որպես վինգերներ մեկնարկային կազմում էին Գաել Անդոնյանը և Մոնրոյ Արարատը: Որպես կենտրոնական պաշտպաններ էլ մեկնարկային կազմում հայտնվել էին Մկոյանը, Չալըշըրը և Վարազդատ Հարոյանը: Այս պահին Անդոնյանն ու Արարատը հավաքականում չեն, ու, կարելի է ասել, Մինասյանի համար ամենախնդրահարույցը հենց եզրային պաշտպանների հարցն է:
Առաջիկա մրցավեճում, կարծում ենք, Մինասյանն այնուամենայնիվ կնախընտրի 4-2-3-1 սխեման: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ մեր հավաքականը խաղը կսկսի հետևյալ կազմով. դարպասում կլինի «Բանանցի» ներկայացուցիչ Արամ Հայրապետյանը, որը իր թիմի մեկնարկային կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության վերջին երեք տուրերին: Պաշտպանության աջ գոտում կտեսնենք կիպրական «Էնոսիս Պարալիմնի» ներկայացուցիչ Հովհաննես Համբարձումյանին, իսկ կենտրոնում կխաղան Եկատերինբուրգի «Ուրալում» ելույթ ունեցող Վարազդատ Հարոյանն ու Անդեր Չալըշըրը՝ շվեդական «Գյոտեբորգից»: Աջ պաշտպանի դիրքում Վարդան Մինասյանը, կարծում ենք, այնուամենայնիվ կվստահի Արտակ Եդիգարյանին՝ «Ալաշկերտից»:
Լիխտենշտեյնի պես հավաքականի մրցավեճում մեր մարզիչը ըստ ամենայնի կխուսափի երկու հենակետային կիսապաշտպաններով պայքարելուց: Հետևաբար միակ հենակետայինը կլինի «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի կիսապաշտպանության կենտրոնում՝ կատարելով դիսպետչերի պարտականություն: Պորտուգալական «Շավիշում» խաղացող Գևորգ Ղազարյանին կտեսնենք կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ աջից կգործի հոլանդական «Վիլիեմ-2»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Ղազախական «Ակտոբեի» ներկայացուցիչ Մարկոս Պիզելին հանդես կգա ենթահարձակվողի կամ, ինչպես ընդունված է ասել, 10 համարի դիրքում: Որպես նոմինալ հարձակվող Վարդան Մինասյանը, կարծում ենք, կվստահի Կրասնոյարսկի «Ենիսեյում» հանդես եկող Արթուր Սարկիսովին:
Մինասյանի ցուցակում կան ևս մի քանի ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են, և հավանական է՝ վաղը տեսնենք նրանց խաղադաշտում: Խոսքը հատկապես վերաբերում է «Փյունիկի» կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանին և Էրիկ Վարդանյանին: Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանի հավաքականի պահեստայինների նստարանը բավական կարճ է և թույլ: Կան նաև ֆուտբոլիստներ, որոնք ունեն պրակտիկայի պակաս: Խոսքը վերաբերում է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանին, որը ոչ միշտ է հայտնվում իր թիմի մեկնարկային կազմում: Պրակտիկայից զրկված է նաև բելգիական «Էուփենի» կիսապաշտպան Իվան Յագանը, որը վերջին ընկերական հանդիպումներում լավ տպավորություն թողեց՝ դառնալով միակ գոլի հեղինակը:
Խնդիրները բավական շատ են, սակայն Լիխտենշտեյնի հետ մրցավեճում բացի հաղթանակից՝ որևէ այլ արդյունք ընդունելի չի լինի: Լիխտենշտեյնը բնականաբար խաղալու է պաշտպանողական ֆուտբոլ: Մեր ֆուտբոլիստների գլխավոր խնդիրներից մեկը վաղվա խաղում հնարավորինս շուտ հաջողության հասնելն է, ինչը կստիպի մրցակցին առաջ շարժվել:
Շատ բան է կախված մեր կիսապաշտպաններից, որոնց կատարողական վարպետութունը կարող է բեկել հանդիպման ընթացքը: Խոսքը վերաբերում է Մխիթարյանին, Ղազարյանին, Պիզելիին և Օզբիլիսին: Այս ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ վատ մարզավիճակում չեն և կարող են դառնալ առաջիկա հանդիպումների գլխավոր ֆիգուրները:
Ինչ վերաբերում է դարպասապահի խնդրին, ապա կրկին զերծ կմնանք մեկնաբանելուց: Չբացառենք միայն, որ Լիխտենշտեյնի հետ հանդիպման մեկնարկային կազմում Վարդան Մինասյանը հիմնական կազմում կվստահի «Բանանցի» մեկ այլ ներկայացուցիչ Անատոլի Այվազովին: Վերջինս մի քանի անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, սակայն որևէ հանդիպման չի մասնակցել:








































