2013թ. ընթացքում Իրաքում զոհվել է 8868 մարդ, որից 7818-ը խաղաղ բնակիչներ են. փաստորեն, անցած տարին երկրի համար դարձել է վերջին հինգ տարիների ամենաարյունալի տարին: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, նման տվյալներ է պարունակում Իրաքին աջակցելու ՄԱԿ-ի առաքելության զեկույցը:
Միայն դեկտեմբերին Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 759 մարդ, վիրավորվել` 1345-ը:
Մարդկային ամենաշատ զոհեր գրանցվել են 2013թ. մայիսին: Այս ամսվա ընթացքում զոհվել է 963 մարդ, վիրավորվել 2191-ը:
«Սրանք սարսափեցնող տվյալներ են, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Իրաքի իշխանությունները պետք է գտնեն բռնության աղբյուրները, որպեսզի վերացնեն այդ սատանայական օղակը»,- հայտարարել է Իրաքի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Նիկոլայ Մլադենովը:









































