Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը գտնում է, որ Եվրամիությունը պետք է իրավաբանորեն պաշտտպանի ընկերությունները Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներից։ Handelsblatt թերթի իր սյունակում նա կոչ է արել Եվրոպական արժութային հիմնադրամ և անկախ վճարային համակարգ ստեղծել։
«Անհրաժեշտ է ուժեղացնել եվրոպական ինքնավարությունը՝ ստեղծելով ԱՄՆ–ից անկախ վճարային ուղիներ, Եվրոպական արժութային հիմնադրամ և անկախ SWIFT համակարգ»,– գրում է պարոն Մաասը։ Նա կոչ է արել հանդես գալ «որպես ԱՄՆ–ի հակակշիռ այնտեղ, որտեղ նրանք անցնում են կարմիր գիծը»։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ ԱՄՆ և ԵՄ–ի միջև տարաձայնությունները կապված են ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ։ «ԱՄՆ–ն և Եվրոպան արդեն վաղուց են սկսել հեռանալ իրարից։ Այդ պատճառով էլ ես կասկածանքով եմ վերաբերվում տրանսատլանտյան համագործակցության կողմնակիցների կարծիքին, որոնք խորհուրդ են տալիս մեզ սպասել այս նախագահության ավարտին»,– նշել է նա։











































