Թեհրանը չի պատրաստվում ԱՄՆ-ի կողմից կիրառվող ճնշումների և պատժամիջոցների սպառնալիքների պատճառով վերանայել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ լայնածավալ ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ գրում է interfax.ru-ն:
«Մենք չենք ուզում վերանայել միջուկային համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը կատարի այդ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Զարիֆը:
Նա նաև հավելել է, որ այսօր ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցները հանդես են գալիս այդ պատժամիջոցների դեմ: «Ես չէի ցանկանա գործածել «ծաղրանք» եզրույթը, բայց այն ինչ կատարվում է ԱՄՆ-ի կողմից, հենց դա է»,- նշել է Զարիֆը:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականության պայմաններում իմաստ չունի Թրամփի կողմից առաջարկված երկու երկրների նախագահների հանդիպումը:









































