«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):
-Պարոն Խաչատրյան, կառավարությունն ամփոփում է իր 100 օրվա աշխատանքը. ստեղծված դրական մթնոլորտում շատերը նաև վտանգներ են տեսնում՝ այն իմաստով, որ կան հակահեղափոխականներ և որ սխալվելու դեպքում նրանց հաջողելու հնարավորություն կտրվի։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը։
–Այդ մտահոգությունները հիմք ունեն, բայց նաև չափազանցված են։ 20-25 տարվա ընթացքում ամբողջ ֆինանսական հիմքը գտնվել է այդ սիստեմի ձեռքերում և դա կորցնելու ու ազատազրկվելու վտանգը մարդկանց կարող է ամեն ինչի դրդել։ Հեղափոխությունն այսօր իր զարթոնքում է, և, անկասկած, Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը։ Ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի այդ որ թշնամին կարող էր այսքան վնաս տալ երկրին, որքան արեցին նախորդ իշխանությունները վերջին տարիների ընթացքում։
Հիմա խնդիրը դատական համակարգն է, որը գտնվում է նախորդ իշխանությունների ենթակայության տակ և կատարում է նրանց պատվերը։ Հեղափոխությունը կատարվեց աշխարհի աչքի առաջ, մեծ բարությամբ ու սիրով, բայց այս ամենը պահպանել ու առաջ տանել է պետք։ Լավ կադրեր ու ապարատ չունենալով, շատ դժվար է լինելու։
Ամբողջ ժողովուրդը գիտի, որ Ռոբերտը հանցագործ է, բայց մինչև դատարանի որոշումը չլինի, դա ամրագրել չի լինում ու նրան հանցագործ համարել չենք կարող, իսկ դատարանն էլ, ինչպես երևաց, նախորդ իշխանություններն են վերահսկում։ Նրա պաշտպաններին լսում ես ու անկախ քեզնից վախենում ես, որ նման մարդիկ կան։ Մի՞թե չեն տեսել, թե այդ հարստությունն ինչպես է կուտակվել, մի՞թե չգիտեն՝ այդքան ընտանիք ով է կործանել։ Ընդհանրապես հեղափոխություններից ու հեղաշրջումներից հետո հինը մաքրվում է, բայց Հայաստանում այլ կերպ եղավ։ Այն համակարգերը, որ պատվեր են կատարել, այսօր պետք է աշխատեն օրենքի սահմաններում, արդյո՞ք կարող են։ Շատ դժվար վիճակ է, երիտասարդներն ուզում են աշխատել, բայց ճանապարհը շատ ծանր է։
Հիմա մարդկանց հետ զրույցում ինչ-որ բան ես ասում, հարց են տալիս՝ իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե՞ ոչ։ Այն ժամանակ էլ ասում էին՝ Սերժը գիտի՞, թե՞ չէ, ու ոչ ոք չի մտածում՝ դա Հայաստանին ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ փոփոխություն պետք է մարդկանց մտածելակերպում նաև, այլապես հաջողության հասնելը բարդ կլինի։
-Քոչարյանն ասում է, որ արդեն իսկ վերադարձել է մեծ քաղաքականություն, ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները։
–Վատ։ Դատարանի որոշումը, որ նա անձեռնմխելի է՝ աբսուրդ է։ Չնայելով գործը, ասացին՝ անձեռնմխելի է, չհամարեցին, որ ազգի, պետության թշնամին չի կարող լինել անձեռնմխելի։ Երևի այդ Սահմանադրությունը իրենք իրենց համար են գրել։ Այսօր ամբողջ ժողովուրդը գիտի՝ նա ով է, իսկ մի դատավոր հիմք է ընդունում, թե նա անձեռնմխելի է։ Հիմա այս ժողովուրդն ինչպես չնյարդայնանա, որ արդարությունը չի վերականգնվում։ Մոսկվայում մի տաս օր առաջ հանդիպեցի որոշ չինովնիկների, ասում են՝ վենդետա է լինում, ես էլ պատասխանում եմ՝ 20 տարի ով ձայն էր հանում՝ նստեցնում կամ սպանում էին, դա վենդետա չէ՞ր, հիմա արդարություն վերականգնողներին ասում եք՝ վենդետա՞ են անում։ Իրենք վերարտադրվելու համար միշտ էլ ամեն ինչի պատրաստ են եղել։
-Մոսկվան, կարծես, դժգոհություն ունի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո տեղի ունեցավ նրա ազատ արձակումը, դուք դա պատահականությո՞ւն եք համարում։
-Ես դրանք իրար հետ չէի կապի։ Հասել է մի կետի, որ Հայաստանը գնում է իր շահերին ու ազգային հետաքրքրություններին համահունչ, ու Մոսկվան այստեղ կապ չունի, նրան ազատ արձակելն էլ զուտ դատարանի խնդիր է։ Ինձ մինչ այսօր ասում են՝ Հայաստանում նացիստական արձան են դրել, ես էլ պատասխանում եմ՝ Նժդեհի արձանը Նիկոլի օրոք չի դրվել, բայց ինֆորմացիան նրանց շատ վատ է հասնում։
Հայաստանում առաջին անգամ ժողովուրդն ընտրեց մի առաջնորդ, որը թալանին չի մասնակցել, չի նշանակվել օլիգարխ, չի նշանակվել ոչ մի երկրի կողմից։
-Այդպիսի վստահություն վայելող վարչապետին այսօր արդյո՞ք անհրաժեշտ է նաև քաղաքական ուժերի, ժողովրդի աջակցությունը։
–Իհարկե անհրաժեշտ է։ Գոյություն ունի պետության անվտանգության հարց, որն այսօր ամենակարևորն է։ Ինձ թվում է՝ ժողովուրդը պետք է Նիկոլին խնդրի պետության անվտանգության հիմքը պահպանելու համար այլ որոշումներ կայացվեն։ Ժողովուրդը պետք է առաջարկի, որ ռեֆերենդումի միջոցով մի ժամանակավոր կազմ ստեղծվի ու վտանգավոր, երկիրն այսպիսի վիճակի հասցրած քաղաքական դեմքերի համար առանձին որոշում կայացվի, մինչև ինստիտուտները սկսեն աշխատել։











































