Վստահության հանձնաժողովները կարող են վեր հանել ու լուծել այնպիսի անարդար լուծում ստացած գործերը, որոնք այսօր հայտնվել են իրավական փակուղում, և դրանք լուծելու որևէ մեխանիզմ ներկա իրավաբանությունը այլևս թույլ չի տալիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։
«Ես տեսնում եմ անցումային արդարադատության մի քանի տարրերի կիրառության անհրաժեշտություն։ Օրինակ՝ վստահության հանձնաժողովները․ դրանք կարող են վեր հանել ու լուծել այնպիսի անարդար լուծում ստացած գործերը, որոնք այսօր հայտնվել են իրավական փակուղում, և դրանք լուծելու որևէ մեխանիզմ ներկա իրավաբանությունը այլևս թույլ չի տալիս։ Ես ունեմ մի քանի նման գործեր, որոնք հայտնվել են փակուղու առջև, որոնցում մարդիկ իրապես անարդարության զոհ են, բայց միևնույն ժամանակ սպառված են բոլոր մեխանիզմները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, ու ես չգիտեմ, թե էլ ինչ կարելի է անել։ Օրինակ՝ «Ա1+»-ի գործը․ ինը տարի այդ գործի վրա աշխատեցի, շահեցի և՛ ՄԻԵԴ-ում, և՛ ՀՀ-ում՝Սահմանադրական դատարանում, Վճռաբեկ դատարանում, բայց այդպես էլ «Ա1+»-ը չստացավ իր թիվ 37 հաճախականությունը։ Թվում էր, թե վերադարձի միակ ճանապարհը մրցույթն է, սակայն մուլտիպլեքսները սպառեցին մրցույթի գաղափարը, հաճախականությունների սղության գաղափարը այլևս չի աշխատում։ «Ա1+»-ը զոհ էր անարդարության, բայց չկա իրավական մեխանիզմ, որը կապահովի վերաբացում, ռեգրես, փոխհատուցում։ Մնում է միայն մեկը՝ վստահության հանձնաժողովը։ Բայց դա էլ պետք է լինի օրենքի գերակայության հիման վրա»,-ասված է գրառման մեջ։







































