«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Էջմիածնի ոստիկանական բաժին բերման են ենթարկվել Իտալիայում քրեական հեղինակություն հանդիսացող, Էջմիածնում հայտնի «օրենքով գող» Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) 5 թիկնապահները:
Վերջինս թիկնազորով շրջելու օրինական թույլտվություն չունի:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը և ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը տարիների թշնամանք ունեն:
1998 թվականին, երբ Էջմիածնում իր դիրքերն էր ամրապնդում գեներալ Մանվել Գրիգորյանը, «Պիպոն» լքել է երկիրը:
Լուրեր էին շրջանառվում, թե գեներալը, չհանդուրժելով միևնույն քաղաքում իրենից բացի երկրորդ ուժեղ ձեռքի ներկայությունը, արել է ամեն ինչ՝ «Պիպոյին» Էջմիածնից հեռացնելու համար:
Օգտագործելով իր անսահմանափակ հնարավորությունները` գեներալը նրա դեմ էր հանել ոստիկանությունը: Ոստիկանական հետապնդումների համար հիմք է հանդիսացել տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպ, որն ավարտվել էր սպանությամբ: Այդ միջադեպի արդյունքում հենց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում զոհվել էր պատահական մի անցորդ: