Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն, թեև առայժմ խոսքը միջանկյալ իրավիճակի մասին է, քանի դեռ պարզ չէ գլխավոր դատախազության հնարավոր վճռաբեկ բողոքի և դրա ճակատագրի հարցը: Ի վերջո՝ տեսականում պետք չէ բացառել, որ լինի բողոքն ու այն բավարարվի, և Ռոբերտ Քոչարյանն այդպիսով դարձյալ կալանավորվի: Իհարկե, եթե մինչ այդ Քոչարյանը չկարողանա գտնել հանրապետությունից հեռանալու որևէ ձև: Ռոբերտ Քոչարյանը ըստ էության երկընտրանքի առաջ է՝ մնալ և մտնել քաղաքականությո՞ւն, թե՞ դուրս գալ Հայաստանից: Ակնհայտ է, որ այլևս անհնար է պաշտպանվել առանց քաղաքականության: Քոչարյանն ինքն է սահմանել այդ նշաձողը՝ որպես իր պաշտպանության մեթոդաբանություն: Թվում է, որ նրա ազատությունը կարևոր ձեռքբերում է, ինչ որ իմաստով հաղթանակ: Սակայն քաղաքական և հոգեբանական տեսանկյունից ազատությունը Քոչարյանի բեռն ավելի է ծանրացնելու: Որքան նա զբաղվի քաղաքականությամբ, այնքան թերևս մեկուսանալու է, որովհետև ինչքան հստակ դիրքավորվի նա, այնքան հստակություն է պահանջվելու նրա համակիրներից կամ նրանցից, որոնք մտածում են Քոչարյանի գործոնն օգտագործել իրենց շահերի և խնդիրների համար:
«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Զարուհ Հովհաննիսյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նորայր Նորիկյանի դիտարկմամբ՝ Քոչարյանի ազատ արձակմանը հասարակական արձագանքը բուռն էր, քանի որ հասարակությունը բոլորովին այլ դատական ակտ էր ակնկալում Վերաքննիչ դատարանից: «Ինձ համար անակնկալ էր Քոչարյանին այդպիսի հիմքով ազատ արձակելը. Վերաքննիչ քրեական դատարանի համար հիմք է հանդիսացել անձեռնմխելիությունը: Սրանով Վերաքննիչ դատարանը Քոչարյանի մասով կանխորոշել է քրեական գործի ընթացքը՝ հստակ արձանագրելով, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելի է և չի կարող ենթարկվել քրեական հետապնդման: Սա նշանակում է, որ Քոչարյանի գործը բերելու է լուրջ քաղաքական հետևանքների»: Փաստաբանի խոսքով՝ կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ. «Վերաքննիչ դատարանի դատավորի հրապարակած դատական ակտը բողոքարկման ենթակա ակտ է»:
Հասարակության լայն զանգվածները չեն համակերպվում Քոչարյանի ազատության հետ: Հասարակությունը այդ դատարանի որշումը համարում է անօրինական և կարծում է, որ Ռ. Քոչարյանը, որպես քաղաքական գործիչ, ընդհանրապես չպետք է ընդունվի Հայաստանում: Քոչարյանի ազատ արձակման հիմքը անհիմն արդարացում է: Հասարակության գերակշիռ մասը համոզված է, որ նախկին իշխանությունները՝ Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանն են սահմանադրական կարգը տապալել և Մարտի 1-ի ոճրագործությունը կազմակերպել»,- նկատեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ հավելելով, որ Քոչարյանի մամլո ասուլիսը բոյկոտելը կամ խոչընդոտելը ազատ խոսքի սահմանափակում չէ: Նրա խոսքով՝ անձեռնմխելիությունը չի կարող տարածվել այնպիսի գործողությունների վրա, որոնք չեն բխել նախագահի կարգավիճակից. նախագահի կարգավիճակից չի բխում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գրծողություններ իրականացնելը:
Զ. Հովհաննիսյանն անդրադառնալով Ռ. Քոչարյանի ասուլիսի տապալմանը, նշեց, որ ինքնակազմակերպված հանրույթը երբեք չի կարող ուղղորդված լինել իշխանության կողմից: Նրա խոսքով՝ Քոչարյանը հրապարակային քաղաքականությամբ չի կարող զբաղվել, քանի որ հասարակությունը մերժում է նրան:
«Ռ. Քոչարյան այսօր ոչինչ է քաղականության մեջ, բայց պետք է սթափության ղողանջ հնչեցնել, որովհետև Քոչարյանը փորձելու է իրեն առաջադրված մեղադրանքը չեզոքացնելու համր ստեղծել քաղաքական այլընտրանքային բևեռ»,- ընդգծեց Ն. Նորիկյանը:









































