Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ինչ-որ ձևով գաղտագողի հաջողացնի երկրորդ նախագահի ասուլիսն ավելի ուշ ժամի կամ այլ օր կազմակերպել, միևնույն է՝ Քոչարյանի քաղաքական հայտը անփառունակ ձևով տապալվեց։ «Ցմահ՝ մարդասպանին» վանկարկելով՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ հավաքված հոծ բազմությունը ներխուժեց ասուլիսի սրահ՝ տապալելով դրա կազմակերպումը։
Սա հասարակության հուժկու հակահարվածն էր Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմանը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնություններին, քրեաօլիգարխիային վերածնելու, ռևանշիզմի նկրտումներին։ Հայաստանի հասարակությունը վստահաբար մերժում է Ռոբերտ Քոչարյանին, ու առկա է լիակատար կոնսենսուս նրա կալանավորման, քրեական հետապնդման հարցում, եթե նույնիսկ դատարանը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխի կամ անգամ նրան արդարացնի, կամ թե երկրորդ նախագահի բացահայտ պաշտպանությամբ հանդես գա Ռուսաստանը։
Ռոբերտ Քոչարյանը չի կարող բարենպաստ վիճակում հայտնվել դատարանի երեկվա վճռի շնորհիվ. գուցե ամոթալի է բարձրաձայնելը, սակայն Հայաստանի երկրորդ նախագահի ամենաապահով տեղը մեկուսարանն է, որտեղ նա գոնե պաշտպանված է հասարակության արդար ցասումից։ Ռոբերտ Քոչարյանի աջակցության հետ ասոցացվող ցանկացած դատավոր ու կուսակցություն, երկիր կամ գործիչ դառնալու են Հայաստանի հասարակության ատելության թիրախը։
Հեղափոխության ընթացքն անկասելի է, եթե նույնիսկ կառավարությունը նրբանկատորեն իրեն սահմանազատում է զուտ իրավական ընթացակարգից կամ փորձում է չեզոքություն դրսևորել այն հարցերում, որոնք գտնվում են արդարադատության տիրույթում։
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում լեգալ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն չունի, եթե նույնիսկ նրա մեջ շատ մեծ է դրա ցանկությունը. հրապարակային քաղաքականությունը հենվում է հասարակության կամ նրա կոնկրետ խմբերի աջակցության վրա։ Հայաստանում չկան գեթ մեկ տասնյակ մարդիկ, ովքեր համարձակվեն հրապարակավ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, հաջակցություն նրա կազմակերպեն ակցիաներ։
Ռոբերտ Քոչարյանին ու Հայաստանի հասարակությանը սահմանազատում է անհաղթահարելի մի անդունդ։ Սակայն այդպես է եղել միշտ՝ նույնիսկ այն պահին, երբ Ռոբերտ Քոչարյանը ոտք դրեց Հայաստան՝ նախագահական ամբիցիաներով։ Նա 1998 և 2003թթ.-ներին երկրի նախագահի աթոռը յուրացրել է՝ ի հեճուկս մեր հասարակության, նրա կամքի։ Երկրորդ նախագահի իշխանությունը Հայաստանում կայացել է սպանությունների ու ահաբեկչության, խոշտանգումների ու զանգվածային ձերբակալությունների միջոցով, որոնց արյունոտ գագաթնակետը դարձան Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճիրները։
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը Հայաստանում հասարակական հուզումների պատճառ է դառնալու՝ անկանխատեսելի հետևանքներով. ոչ մեկը ու ոչինչ չի կարող կանգնեցնել հասարակությանը, որը պահանջում է պատասխանատվության ենթարկել ու ազատազրկել քրեաօլիգարխիայի արյունարբու «կնքահորը»։
Հասարակական տրամադրությունները պետք է կապիտալիզացվեն. դա արդեն կառավարության, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անմիջական պարտականությունն է։ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի ծավալը պետք է մեծանա՝ նրա կալանավորման անխուսափելիությամբ. դրա բոլոր իրավական հիմքերը կան։ Իսկ օգոստոսի 17-ի հանրահավաքը պետք է դառնա հեղափոխության վերջնական հաղթանակն ապահովող գործընթացի մեկնարկը, որը պետք է ավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհապաղ անցկացմամբ։
Հապաղելու համար կարող ենք շատ թանկ վճարել. ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանը կարող է դիմել ահաբեկչության եղկելի միջոցին։
Այսօր հասարակությունն իր քայլն արել է, հերթը Նիկոլ Փաշինյանինն է։










































