Գերմանացի լրագրողները ահազանգում են ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելի անհետացման մասին, որն արդեն մեկ շաբաթ է ինչ չի ներկայացել հանրությանը։ Վերջին անգամ Մերկելը երևացել է հուլիսի 25-ին՝ Բավարիայում անցկացվող Բայրոյթ փառատոնին։
Նաև հայտնի է, որ փառատոնից առաջ Մերկելը լրագրողներին պատմել է երկարատև արձակուրդի մեկնելու իր ծրագրերի մասին։ Մանրամասներ սակայն իր արձակուրդի մասին նա չի բացահայտել։
Մերկելի «անհետացման» մասին գերմանական հայտնի Bild պարբերականը՝ «Որտեղ է թաքնվում կանցլերը» վերնագրով հոդված է հրապարակել։
«Նա ամառային նստավայրում է կամ միգուցե իր 90–ամյա մոր հետ Ուքերմաքու՞մ։ Նրա ամուսնությունը ճգնաժա՞մ է ապրում։ Նա հիվանդանոցու՞մ է։ Գաղտնի հանձնարարությա՞ն է մեկնել»,– դատողություններ է անում նյութի հեղինակը։
Լրագրողները փորձել են նրա հետքի վրա դուրս գալ Ալպերում, որտեղ նա սովորաբար հանգստանում է իր ամուսնու՝ Յոահիմ Սաուերի հետ։ Սակայն պարզվել է, որ տղամարդն իր հանգիստն է անցկացնում նախորդ ամուսնությունից ունեցած իր որդու հետ։






































