ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել հայ-ռուսական հարաբերության առնչությամբ՝ կապված Լավրովի հայտնի հայտարարության հետ, և ասել, թե «անխոհեմ» են այդ ֆոնին հակառուսական հայտարարությունները:
Հակառուսական հայտարարությունները անշուշտ անխոհեմ են, սակայն հետաքրքիր է, թե հատկապես ի՞նչ հայտարարություններ նկատի ունի ՕԵԿ նախագահը, որովհետև պաշտոնական շրջանակներում ոչ միայն չի եղել այդպիսի հայտարարություն, այլ նաև հակառակը՝ Հայաստանը վերահաստատել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ ասելով, որ միանգամայն հավատարիմ է թե՛ հայ-ռուսական, թե՛ ԵՏՄ, ՀԱՊԿ ինտեգրացիոն օրակարգերին: Եվ ուրեմն՝ ի՞նչն է մտահոգել ՕԵԿ նախագահին: Թերևս սեփական քաղաքական ճակատագիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ:
Բանն այն է, որ այդ ընտրությունն Արթուր Բաղդասարյանի համար քաղաքական վերջին շանսն է: Իհարկե, ոչ միայն նրա, բայց նաև նրա և իր ղեկավարած ուժի համար: Իսկ այստեղ առաջանում է շանս՝ աչքի ընկնել Ռուսաստանի մոտ: ՕԵԿ նախագահն ըստ երևույթին համարել է, որ հայ-ռուսական «լարվածության» այս պահը ամենահարմարն է Մոսկվային ծառայություն ներկայացնելու և հավանության արժանանալու համար: Լարվածության մասին գնահատականները, իհարկե, հարաբերական են, և, մեղմ ասած, որքան առկա է լարվածության դրսևորում, նույնքան թերևս կարող ենք խոսել հարաբերության առողջացման, միջպետականացման դրսևորումների մասին: Սակայն սա այլ խոսակցության նյութ է, այսպես ասած՝ կողքից հայացքի կամ վերևից հայացքի տեսարան:
Իսկ Արթուր Բաղդասարյանը, որպես հայաստանյան քաղաքականության ներկայացուցիչ, նայում է իր դիտակետից և տեսնում պահ, որը պետք չէ բաց թողնել: Այնպես, ինչպես թերևս նա բաց չթողեց պահը 2008 թվականի փետրվարի 29-ին, երբ կոալիցիա կնքեց Սերժ Սարգսյանի հետ, որից հետո՝ հաջորդ օրը, տեղի ունեցավ Մարտի 1-ը: Կոալիցիայի արդյունքում Սերժ Սարգսյանը Բաղդասարյանին խոստացավ ԱԽ քարտուղարի պաշտոնը և մաս իշխանության մեջ, որն էլ նա ստացավ Մարտի 1-ի արդյունքում փաստորեն, որովհետև առանց Մարտի 1-ի դժվար էր պատկերացնել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ստանձնելու նախագահի պաշտոնը:
Միաժամանակ հենց այս համատեքստն է նաև հետաքրքիր դարձնում ներկայումս Լավրովի հայտարարության ու առաջացած իրողությունների ֆոնին Արթուր Բաղդասարյանի ջանքը՝ նկատի ունենալով այն, թե ինչն էր նաև Լավրովի հայտարարության առիթը. Մարտի 1-ը, Ռոբերտ Քոչարյանի, Խաչատուրովի հանդեպ մեղադրանքը, գործի քննության նոր շրջադարձը: Հայ-ռուսական հարաբերության հեռանկարը ՕԵԿ նախագահին կարող է մտահոգել նաև հենց այդ, այսինքն՝ ոչ միայն քաղաքական ապագայի, այլ նաև քաղաքական անցյալի պրիզմայով: Եվ ոչ միայն զուտ ռուսական գործոնի առկայության մասին խոսակցության համատեքստում: Որովհետև նաև դե ֆակտո ստացվում է, որ փետրվարի 29-ի կոալիցիան կամա թե ակամա, բայց Մարտի 1-ի ուժային գործողության նախապատրաստական ակտ էր:
Համենայնդեպս, քաղաքական գնահատականի հիմքը նկատելի է՝ հաշվի առնելով, թե ինչքան բան էր կախված ընտրությանը երրորդ արդյունք արձանագրած թեկնածու Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































