«Վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգը ոչնչացվել էր: ՀՀԿ-ն վերածվել էր Կոմունիստական կուսակցության նման մի քաղաքական ուժի, որն իշխում էր իշխելու համար, այսինքն՝ այդ կուսակցությունը գործում էր հանուն իշխանություն պահելու, և խիստ հիերախիկ համակարգ էր. ձևավորվել էր ամբողջական բուրգ… Քաղաքական համակարգի չգոյությունը բերեց շրջադարձի»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը:
Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ կա հեղափոխություն, միշտ կա նաև հակահեղափոխություն. «Այլ հարց է՝ հակահեղափոխության դետոնատորը կաշխատի՞ ինչպես հեղափոխության դետոնատորը, թե՞ չի աշխատի… Ժողովրդին համախմբեց հեղափոխությունը, համախմբեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ պայքարը, բայց այդ համախմբումը պետք է վերածվի մեկ այլ համախմբման՝ հանուն ինչ-որ բանի. այդ ինչ-որ բանը ազատ երկրում ապրելն է, ազատ շուկայական հարաբերություններ ունենալն է, ժողովրդավարական արժեքներն են և այլն»:
Վարչապետի խորհրդականի դիտարկմամբ՝ մեր երկրում կոռուպցիան դարձել էր սպառնալիք ազգային անվտանգության համար: «Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև որ գոնե կոռուպցիոն սխեմաները բացահայտվեն և հիմնական կոռուպցիոներները պատժվեն»,- նշեց Հ. Արշամյանը՝ հավելելով, որ պետք է լինի բալանսավորված հարկային քաղաքականություն:
Մանրամասն՝ տեսանյութում:










































