«Հնարավոր ջանքեր կներդրվեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի և գրավով ազատ արձակվի… Մեր դատարանները դեռ անկախ չեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մտահոգությունն արտահայտեց Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելը կարող է էապես ազդել գործի քննության վրա. «Նա ունի բազմաթիվ գործիքներ՝ ֆինանսական, տեղեկացվածության, կոմպրոմատային, որոնցով կկարողանա ինչ-ինչ ընթացակարգերի վրա ազդել»:
«Այստեղ գործ ունենք զոհերի, վիրավորների, քաղբանտարկյալների առկայության, արտագաղթ խթանելու, պետության զավթման, սահմանադրական կարգի տապալման հետ»,- ընդգծեց Լ. Բարսեղյանը:
Նրա կարծիքով՝ մեղադրանքի հիմքում ահռելի ծավալի փաստական հիմք է դրված. «Ենթադրում եմ, որ այնպիսի ծավալային հանցագործություն է, որ բազմաթիվ շոշափուկներով դիպչելու է բազմաթիվ պաշտոնյաների, շատերն են նեղվելու սրանից: Քոչարյանի կալանավորումով այս գործը կարող է 170-200 հոգի քաշել- տանել իր հետ: Ակամա ամբողջը ջրի երես է դուրս գալու»:
««Պանդորայի արկղը» արեդն բացված է: Մեղադրական հոդվածները կարող են ավելանալ: Սա վրեժ չէ, արդարադատություն է»,- նկատեց մեր զրուցակիցը:
Լ. Բարսեղյանի դիտարկմամբ՝ արտաքին մարտահրավերների մասով ևս կան մտահոգություններ. «Նիկոլի մազը չպետք է ընկնի… Առայժմ այս իշխանությունն ունի հանրային վստահության և օրինավորության բարձր պաշտպանվածություն: Սա է այն զրահը, որի դեմ ոչ մի հայտարարություն արդյունք չի ունենա»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































