«Մարտի 1-ի դեպքերին պետք է ոչ միայն քաղաքական գնահատական տրվեր, այլև իրավական, և այդ օրերի բոլոր պատասխանատուները պետք է կրեն քրեական պատասխանատվություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ իրադարձությունների նման զարգացումը, քանզի ողջ հանրությունն էր սպասում այդ գործընթացին:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ին մարդիկ փողոց էին դուրս եկել պաշտպանելու իրենց ընտրական, սահմանադրական իրավունքները, կերտելու այնպիսի պետություն, որտեղ մարդը կկարողանա ազատ ապրել ու ստեղծագործել. «Մարտի 1-ը, սակայն, կտրեց այդ ամենը: Հանրությունը ենթարկվել է տոտալ ճնշումների ամբողջ նախընտրական և հետընտրական պրոցեսներում, իսկ Մարտի 1-ը ուղղակի այդ ճնշումների պիկն էր»:
Ինչպես նշեց Կարեն Կարապետյանը՝ այսօր մարդկանց մեջ արթնացել է հույսը, հավատը սեփական ուժերի նկատմամբ. «Այլևս դժվար է պատկերացնել, որ հասարակությունը կենթարկվի տոտալ ճնշումների»:
Անդրադառնալով «Երկիր մեդիային» Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին՝ ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղարը ընդգծեց, որ 2008 թվականին ՀՀ նախագահը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր, և բանակի տեղաշարժը անհնար էր առանց նրա հրամանի. «Այդ 10 զոհերը մահացել են ուղիղ դիմահար կրակից: Եթե որևէ մեկն առանց հրամանի կրակեր, ապա հաջորդ իսկ օրը այդ կրակողը կենթարկվեր պատասխանատվության»:
Կարեն Կարապետյանը կարծում է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է սլաքը ուղղել բոլորի ուղղությամբ՝ միայն իր վրայից թոթափի այդ մեղադրանքները. «Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի համար անակնկալ էր, որ իրեն կհրավիրեն հարցաքննության և մեղադրանք կառաջադրեն, այնուհետև կմտնեն դատարան, որպեսզի որպես խափանման միջոց կալանքը ընտրեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































