Տնտեսական առումով Հայաստան առաքվող ռուսական գազը կարող է էժանանալ մինչև 15 դոլարով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։
Մեկնաբանելով գազի սակագնի ավելացման մասին մամուլում տարածվող տեղեկությունները, փորձագետը նշել է, թե երկու տեսանկյունից պիտի նայել հարցին՝ տնտեսական և քաղաքական։ «Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, միակ արգումենտը, որ Ռուսաստանը կարող է բերել, այն է, որ գազի գնագոյացումը շաղկապված է նավթի գների հետ, և վերջին կես տարվա ընթացքում նավթի համաշխարհային շուկայում կայունացում է նկատվում, գազի գինը 40 դոլարից մոտեցել է 80 դոլարի։ Հետևաբար, սա չի կարող չազդել գազի գնագոյացման, այսինքն՝ բարձրացման վրա»,- նշել է նա և հավելել. «Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք մի շարք տնտեսական հանգամանքներ։ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, հիմնվելով միության շրջանակներում գործող մաքսային օրենսդրության վրա, հնարավորություն ունի մի փոքր իջեցնելու սակագինը։ Սահմանին սակագինը կարող է իջեցվել մինչև 135 դոլար՝ ներկայիս 150 դոլարից, զուտ տնտեսագիտական հաշվարկների վրա հիմնվելով։ Այսինքն, այստեղ գործ ունենք երկու իրարամերժ բաղադրիչների հետ»։

«Բայց պետք է փաստենք, որ եթե դիտարկում ենք հարցը զուտ ԵԱՏՄ համատեքստում, համեմատում ենք սակագնային քաղաքականությունը Ղազախստանի կամ Բելառուսի հետ, տեսնում ենք, որ Հայաստանն ամենաբարձր գնով է ձեռք բերում ռուսական գազը։ Ղազախստանն ու Բելառուսն ավելի պահանջատեր են, ավելի ճկուն որոշումներ են կարողանում գտնել այս հարցում։ Մի կողմից նավթի շուկան, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործոնը պետք է հաշվի առնվի, և ելնելով զուտ դրանից, կարող ենք փաստել, որ գազի կտրուկ սակագնային աճ ակնկալել պետք չէ»,- նշել է նա և հավելել, թե ուրիշ բան է քաղաքական տեսանկյունը։ «Չի բացառվում, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին գործընթացները, իշխանափոխությունը, որն ունի նաև աշխարհաքաղաքական ածանցյալներ, անդրադառնում է մեր արտաքին քաղաքականության վրա։ Առկա են մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուսի հնարավոր չէ գալ։ Կադրային քաղաքականությունը, որ իրականացվում է Հայաստանում, հիմնված է հակառուսական «բեքգրաունդ» ունեցող կադրերի վրա, և որքանով ինձ է հայտնի, դա որոշակիորեն նյարդայնացնում է Մոսկվային։ Եվ չի բացառվում, որ Մոսկվան սկսի կիրառել իր ավանդական գործիքը, որը պարբերաբար կիրառում է՝ գազի սակագների փոփոխությունն է։ Եթե հարցը դիտարկենք քաղաքական տեսանկյունից, աճ կարող է լինել, թեև ԵԱՏՄ-ին անդամակցությունը մասամբ կոմպենսացնում է նավթի շուկայի փոփոխությունները»,- նշել է Վահե Դավթյանը։
Նա նկատել է, թե Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, նաև մասնակցելու է արդեն մշակվող եվրասիական ընդհանուր գազի շուկայի մոդելի ներդրմանը, որը ենթադրվում է կիրառել 2025 թվականին, այդ մոդելը մաքսիմալ պիտի նվազեցնի քաղաքական բաղադրիչը գազի գնագոյացման ոլորտում, ստեղծվելու է գազային բորսա, կիրառվելու են բացարձակ շուկայական մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի ճկուն և մեղմ սակագնային քաղաքականություն վարել։
Ըստ փորձագետի, որքան էլ նոր իշխանությունների կողմից Մոսկվային ուղղված ռևերանսները կան, կան նաև խնդիրներ։ «Պիտի ստույգ տարանջատել հռետորաբանությունը, որը հնչեցվում է, և ներքին գործընթացները, որոնք բավական լարված են։ Ռուսաստանը՝ հանձինս «Գազպրոմի», Ուկրաինայի, Վրաստանի, անգամ ԵՄ դեպքում փորձել է կիրառել իր էներգետիկ զենքը, և եթե իսկապես ՀՀ քաղաքականությունը ռևերանսների մակարդակից դուրս չգա, չունենա կիրառական քայլեր, ստեղծվեն հակառուսական բնույթի տեղեկատվական առիթներ, չեմ բացառում, որ Ռուսաստանը կարող է դիմել գազի գների բարձրացմանը, իսկ այդ քայլը ուղղակիորեն հարվածելու է նոր իշխանությանը»,- նկատել է Դավթյանը՝ ընդգծելով, թե դա բացարձակ քաղաքական բաղադրիչով պայմանավորված կլինի, որովհետև տնտեսական բաղադրիչը խոսում է հօգուտ Հայաստանի։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել գազի ներմուծումը, Վահե Դավթյանը պատասխանել է, թե Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել գազի ներմուծումը տեխնիկապես, իսկ քաղաքականապես՝ ոչ։ «Ունենք Իրան-Հայաստան գազամուղ, որը ունակ է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։ Նրա թողունակությունը կազմում է 2․3 մլն խմ գազ, իսկ դա լիովին կբավարարի ՀՀ տնտեսությանն ու բնակչությանը։ Բայց ուրիշ բան է իրականությունը։ Իրանը չի կարողանում առնվազն այս պահին առաջարկել ավելի հարմար գին։ Առաջարկվում է 15 դոլարից ավելի գին, նաև առկա է որակի և կալորիականության խնդիր»,- արձանագրել է Վահե Դավթյանը և հավելել, թե այդ հարցերը չեն կարևորը, այլ ենթակառուցվածքների պատկանելությունը։ «Իրան-Հայաստան գազամուղը ամբողջությամբ գտնվում է «Գազպորմ-Արմենիայի» բալանսին, այսօր այդ ընկերությունը միակ սեփականատերն է։ Եվ այդ գազամուղի հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացվի «Գազպրոմի» մասնակցությամբ։ Տեխնիկապես մենք ունենք դիվերսիֆիկացիայի հնարավորություն, բայց դա էլ կատարվելու է Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ»,- ամփոփել է փորձագետը։






































