Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջ ԱՄՆ–ն չի ներկայացնում և չի կարող փոխել դեպքերի ընթացքը՝ Twitter-ում գրառումներ կատարելով։ Այս մասին հուլիսի 25-ին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ամերիկան ավելին է, քան Սպիտակ տունը։ Թրամփը դա չի փոխի։ Նա կարող է որքան ցանկանա գրել Twitter-ում»,– հաղորդել է նա իր միկրոբլոգում։
Մաասն ընդգծել է, որ ԱՄՆ–ն Գերմանիայի ոչ թե ընդդիմախոսն է, այլ Եվրամիության սահմաններից դուրս ամենակարևոր գործընկերն ու դաշնակիցը։
Այս տարի ԱՄՆ–ն տուրքեր է մտցրել եվրոպական պողպատի և ալյումինի համար։
Ներկայումս Վաշինգտոնը սպառնացել է տուրքեր մտցնել նաև ներմուծվող մեքենաների համար։ Այդ դեպքում ամենամեծ վնասը կհասցվի Գերմանիայի տնտեսությանը։









































