Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստված են և ծառայությանը գիտակցաբար են մոտենում, ուրախ ու երջանիկ են, որ ծառայում են մեր զինված ուժերի մի հատվածում, որտեղ, կարելի է ասել, հիմնական խնդիրն է կատարվում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը՝ չմանրամասնելով, թե որտեղ և ինչ պայմաններում են ծառայում տղաները:
«Իրենք ծառայում են մի զորամասում, որը ժամանակի ընթացքում առաջնագծում ևս մարտական խնդիր է կատարելու: Կարծում ենք՝ պետք չէ ասել և ավելորդ լարվածություն ստեղծել այդ ուղղությամբ: Ինչքան դրսից միջամտությունը քիչ լինի, այնքան իրենց համար հեշտ կլինի ծառայելը»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Խոսելով ամենացավոտ և սուր թեմաներից մեկի՝ պաշտոնյաների որդիների չծառայելու մասին՝ նախարարը թվարկեց Արցախի պաշտոնյաներին, որոնց որդիները ծառայում են Պաշտպանության բանակում, այդ թվում՝ իր որդին:
«Արցախի նախագահի տղան, իմ տղան ծառայել են ՊԲ-ում, ԱՀ հատուկ հանձնարարականներով դեսպան Արշավիր Ղարամյանի տղան ծառայել է բանակում, մարտական խնդիր են կատարել, ՊԲ հրամանատարի տեղակալի տղան՝ ևս, դատախազի տղան, պատգամավորների, քաղաքապետերի որդիները ծառայել ու ծառայում են բանակում: Զինվորական ծառայությունից ազատվելու դեպքեր, եթե պաշտոնյայի տղա է, չկան: Միայն կարող են ազատվել, եթե բուժզննությամբ նա պիտանի չէ ծառայությանը: Ուրիշ այլ դեպք եթե գիտեք՝ ասեք»,- մանրամասնեց Մնացականյանը:









































