«Ես բացառում եմ, որ զորավարժությունների վայր նշված լինի Փանիկ գյուղը»,- ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը՝ հավելելով, որ զորավարժությունները բնակավայրերում չեն անցկացվում:
Արա Պապյանը, անդրադառնալով ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությանը, թե՝ դա եղել է կրակելու իմիտացիա, նշեց. «Օրենք կա՝ դու չես կարող կրակելու իմիտացիա անել, դա հանցագործություն է. նույնիսկ այն դեպքում, երբ Հայկ Կյուրեղյանի ձեռքում անգամ ռազմական զենք չէր, այլ օդամղիչ ատրճանակ, միևնույն է՝ նա դրա համար 9 տարով դատապարտվեց»:
Նրա խոսքով՝ մինչդեռ այստեղ մի ամբողջ ստորաբաժանում է այդ հանցագործությունը կատարել: Ուստի Արա Պապյանը կարծում է, որ օրենքը և պայմանագիրը պետք է հստակեցվեն, և բոլոր դեպքերում պետք է գերակայի միջազգային իրավունքը, ըստ որի՝ բնակավայրերում կրակելու իրավունք չունեն. «Այսինքն՝ այդ անտարբերությունը և այդ վերաբերմունքը տեղի բնակչության նկատմամբ անընդունելի են»:
«Պայմանագրերի որոշ դրույթներ պետք է վերանայվեն, իսկ եղածներն էլ պետք է պարտադրեն օրենքի տառին համապատասխան»,- նկատեց Արա Պապյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչո՞ւ պետք է ռուս սահմանապահները վերահսկեն, ասենք, «Զվարթնոց» օդանավակայանում. «Ինչ վերաբերում է սահմանապահ զորքերին, այո՛, նրանք պետք է մնան, բայց նրանց պետք է տրվի պաշտպանելու գործառույթը, ոչ թե վերահսկելու»:
Ռուսական ռազմաբազայի առնչությամբ Արա Պապյանը նաև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ մենք պետք է վճարենք ռուս սպայի լույսի վարձը, իսկ ռուսական կողմը չվճարի տարածքի վարձակալության համար. «Նման նախադեպ չեք գտնի. ռուսական բազան օգտագործում է մեր ճանապարհները, ենթակառուցվածքները, խնդիրներ է առաջացնում մեզ համար, մենք կորուստներ ենք ունենում՝ և՛ նյութական, և՛ իմիջային»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































