«Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամ Պավլիկ Մանուկյանն դատարանի դահլիճում աղմկահարուց հայտարարություններ հնչեցրեց՝ պնդելով, թե ոստիկանության պարեկապահակետային գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, պատգամավորների երաշխավորությամբ ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։
Երկու տարի առաջ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվեց երեք ոստիկան։ Նրանց սպանության համար մեղադրանք է առաջադրված Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին: Վերջինս մեղադրվում է նաև գնդի տարածքում առկա բանկոմատը կոտրելու մեջ։ Պավլիկ Մանուկյանը նաև հայտարարեց, որ բանկոմատը կոտրել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ կրկին ազատության մեջ գտնվող Մխիթար Ավետիսյանը։ «Դրա հեղինակը մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է: Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան՝ ի շահ պետության և արդարության»,- հայտարարեց Պավիկ Մանուկյանը։
Ուշագրավ է, որ Պավլիկ Մանուկյանի այս հայտարարությունն անակնկալ էր թե «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների և թե ազատության մեջ գտնվող և նրանց աջակցող «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամների համար։ Վարուժան Ավետիսյանը արդեն իսկ հայտարարել է, որ դա Պավլիկ Մանուկյանի անձնական կարծիքն է։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանի հայտարարության վերաբերյալ ճակատը, իր մասնակցությամբ, որևէ քննարկում չի անցկացրել։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այդ հայտարարության հետ կապված որևէ մեկնաբանություն անել չի կարող, քանի որ հավելյալ որևէ տեղեկություն չունի։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինֆորմացիա չունի, այդ հայտարարությանը իրազեկված է լրատվամիջոցներից։ «Ինչպես ասել եմ՝ ճակատը հեղափոխությունից հետո չի հավաքվել, բնականաբար, թեմայի շուրջ քննարկում չի եղել։ Կդժվարանամ կարծիք հայտնել, մինչև չիրազեկվեմ»,- ասաց նա։
![]()
Պետրոս Մակեյանը նշում է՝ երկու տարի անց իրենց տեսակետները «Սասնա ծռեր»-ի հետ կապված չեն փոխվել. «Այդ մարդիկ մտել են ՊՊԾ գունդ՝ այլընտրանքային ուղիներ չտեսնելու պատճառով։ Ես բազմիցս ասել եմ՝ նրանք գնացել են ինքնազոհության, մեզ մոտ տեսակետի փոփոխություն չկա»։
Նա միևնույն ժամանակ նշում է՝ քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելուց հետո այլևս զինված պայքարի անհրաժեշտություն չկա. «Դա արդեն ահաբեկչական գործողություն կլինի։ Խնդիրը հիմա ավերված քաղաքական դաշտին կայանալու հնարավորություն ընձեռելն է։ Ցավոք սրտի, մինչ այս պահը ես դա չեմ տեսնում։ Նույն ԸՕ-ի փոփոխության մասով, չգիտեմ՝ ինչ չափանիշներով էին արտախորհրդարանական ուժերին հրավիրել, որ իրական շատ ուժեր չէին մասնակցում։ Մենք գրավոր մեր տեսակետներն ուղարկել ենք՝ մտահոգություն կա քաղաքական դաշտի առողջացման հարցում»։
Պետրոս Մակեյանը հավելում է. «Նույնիսկ այն մարդիկ, որոնց գնդակից սպանվել են ոստիկանները, որը ցավալի է, այնուամենայնիվ, դրա պատասխանատուն պետք է լինի այն ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որ հասցրել են այն վիճակի, որ մարդիկ զենքով մտել են ՊՊԾ գունդ։ Թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու իր ռեժիմն են։ ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրի վրա պետք է հոդված դրվի, պարզապես արձանագրվել է իրավիճակի հետևանքը»։









































