«Բիզնես Արմենիայում» այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել, որի շրջանակում ավելի քան 1 մլն դոլարի ներդրում է կատարվելու Հայաստանում։ Անցած տարվա հոկտեմբերից արդեն սկսվել են չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրման գործարանի կառուցման աշխատանքները, և նախատեսվում է մինչև ամռան վերջ ավարտին հասցնել շինաշխատանքները։
Ներդրումը իրականացնում է Լիբանանում ավելի քան 40 տարի գործող «Սալտեկ» ընկերությունը։ Արտադրվելու են չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարաններ, հացթխման սարքեր, խոհանոցների արտադրական սարքեր։ Ներկայումս հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոնները այդ սարքավորումները ներկրում են դրսից։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սալտեկ» ընկերության ներկայացուցիչ Կարեն Սալխանյանն ասաց՝ իրենց արտադրանքում գին և որակ հարաբերակցությունը լինելու է արդարացված։ Ընկերությունն իրենց ընտանեկան բիզնեսն է, որը տարիների փորձառություն ունի։ Գործարանի աշխատակիցների աշխատավարձը 300-500 հազար դրամի սահմանում պետք է լինի՝ կախված աշխատանքից։
Կարեն Սալխանյանի խոսքով՝ իրենք կարող էին գնալ այլ երկրում ներդրում անել, սակայն Հայաստանը իրենց հայրենիքն է, անգամ ընտանիքով տեղափոխվել են այստեղ՝ ապրելու և զարգացնելու իրենց հետագա բիզնեսը։ Առաջիկայում նախատեսում են արևային էներգիայի ոլորտում ևս մոտ 2 մլն դոլարի ներդրում իրականացնել, գիշերային լուսավորության ոլորտում աշխատանքներ տանել և այլն։
«Լուրջ ասեմ քեզ, մի քանի անգամ գալով Հայաստան՝ սիրահարվեցինք։ Սակայն այստեղ ներդրում անելը մի քանի պատճառով եղավ՝ երկրի սիրուն լինելը, անվտանգությունը և այլն։ Մեր փորձառությունը մեզ օգնեց հասկանալ, որ այստեղ հանգիստ կարող ենք բիզնես անել, և շուկան մեզ կընդունի։ Գիտենալով, որ կարող էինք գնալ Ամերիկայում կամ այլ տեղ անել մեր ներդրումը, բայց սա մեր երկիրն է, օտարության մեջ չենք։ Լիբանանում մենք օտարության զգացում ունեինք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Ընկերությունը նախկինում Հայաստանում հարկային ու մաքսային մարմինների հետ աշխատելու փորձ չի ունեցել, կարծում է՝ խնդիրներ չեն լինի, իսկ հիմա ներդրում անելու պատճառը հեղափոխությունը չէ՝ ընդգծեց Սալխանյանը։ «Մենք մեր ծրագիրը 4 տարի առաջ ենք սկսել։ Կառավարության փոփոխությունը վստահորեն կապ չունի։ Իսկ այստեղ մաքսային ու հարկային առումով մեզ օգնեցին հեշտ ճանապարհով ու հեշտ ձևով հասնել մեր նպատակներին»,- շեշտեց սփյուռքահայ գործարարը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































