Հայաստանում սուպերվարչապետության ինստիտուտը պետք է վերածվի վարչապետականի, բայց դա չի լինի շատ արագ, իսկ լիազորությունների վերաբաշխումն էլ պետք է լինի ոչ թե վարչապետի և նախագահի հարթությունում, այլ վարչապետի և խորհրդարանի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ըստ էության անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային խնդրին: Համենայնդեպս, սուպերվարչապետական համակարգը ներկայումս իրադարձությունների առանցքն է, քանի որ առանց այդ համակարգի թավշյա հեղափոխության երկրորդ, այսինքն՝ արդեն իշխանական փուլի արդյունավետությունը ոչ միայն կլիներ ցածր, այլև կլիներ պարզապես կասկածի տակ:
Միևնույն ժամանակ վարչապետի խոսքում կան բավականին թափանցիկ տողատակեր նաև երրորդ՝ հետընտրական փուլի մասով, որ կհաջորդի խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ սուպերվարչապետության տրանսֆորմացիան վարչապետության լինելու է քայլ առ քայլ, և նրա խոսքից հստակ է, որ դա չի լինելու խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ, այդպիսով սուպերվարչապետությունը պահելով որպես խորհրդարանի ընտրության որևէ անակնկալի երաշխիք:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգներ Արմեն Բադալյանը և Կարեն Քոչարյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Կարեն Քոչարյանի կարծիքով՝ յուրաքանչյուր իշխանություն դժվարությամբ է հրաժարվում անգամ այն բանից, ինչ ինքը քննադատել է: «Նիկոլ Փաշինյանն արդեն երրորդ անգամ ֆիքսում է, որ սուպերվարչապետությունից պետք է հրաժարվել, բայց ոչ թե կիսելով լիազորությունները նախագահի, այլ խորհրդարանի հետ, ինչի հետ ես նույնպես համաձայն եմ: Դասական խորհրդարանական երկրներում նսխագահներն ունեն արարողակարգային կարգավիճակ: Սուպերվարչապետությունն արդեն իրողություն է, որից դժվար է հրաժարվել: Ն. Փաշինյանը եթե ֆիքսում է, որ քայլ առ քայլ կհրաժարվի, ուրեմն կհրաժարվի, մինչ այժմ նրա ոչ մի խոստում չի մնացել օդից կախված, թե երբ կհրաժարվի, խնդիրը հենց այդ ժամանակահատվածի հետ է կապված»:
«Դա կախված է ոչ միայն քաղաքական գործընթացներից, այլ կան նաև այլ գործոններ: Խնդիրը միայն սուպերվարչապետի ինստիտուտի վերացումը չէ, ավելի գլոբալ հարց կա. Սահմանդրության մեջ փոփոխություններ իրականացնելը»,- նշեց Ա. Բադալյանը:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու խնդիր դեռևս չկա Հայաստանի քաղաքական օրակարգում և չի էլ լինի մինչև խորհրդարանական ընտրությունները, որովհետև, ըստ նրա իշխանական թևերի միջև հավասարակշռում չկա: «Երբ ունենանք լեգիտիմ խորհրդարան, հնարավոր կլինի խորհրդարանի միջոցով Սահմանադրություն փոխել»,- նշեց Զ. Հովհաննսիայնը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































