ԱՄՆ-ն ռեկորդ է սահմանել՝ 6 ամսում օտարերկրյա պետություններին ավելի շատ զենք վաճառելով, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում, հաղորդում է Defense News-ը։
Նյութում ասվում է, որ 2018-ի երկու եռամսյակում ԱՄՆ-ն 46․9 մլրդ դոլարի օտարերկրյա պետություններին և դաշնակիցներին զենքի վաճառքի պայմանագրեր է ստորագրել։ Նման վիճակագրությունը գերազանցում է 2017-ի ցուցանիշները, երբ ԱՄՆ-ն 41․9 մլրդ դոլարի զենք էր վաճառել։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության և անվտանգության վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Չարլզ Հուփերն ասել է, որ պաշտպանական արդյունաբերության արտահանումը բարենպաստ է երկրի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական անվտանգության համար։
Սակայն պարբերականը գրում է, որ մոտ ապագայում կարող են խնդիրներ ծագել։ Անհանգստության պատճառն ԱՄՆ վարած տնտեսական քաղաքականությունն է, մասնավորապես՝ այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը։







































