Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին այսպես կոչված՝ Ռուսաստանի միջամտության ապացույցներ ունի:
«Մեր տրամադրության տակ գտնվող տվյալները բավարար պարզ ցույց են տալիս, որ ռուսներն իրոք փորձել են ազդել ընտրությունների վրա»,- ասել է Ցուկերբերգը՝ Recode պարբերականին տված հարցազրույցում:
Նա նաև ավելացրել է, որ միջամտության առաջին փորձերը Fancy Bears ցանցահեն խմբի կողմից, որը կապ ունի ռուսական հետախուզության հետ, հայտնաբերվել են դեռևս 2015 թվականին:
Ցուկերբերգի խոսքերով՝ ևս մի կազմակերպություն կա, որն ազդել է ընտրությունների վրա:
«Դա ինտերնետ-հետազոտությունների գործակալություն է, որը սոցցանցում կեղծ հաշիվների մի ամբողջ ցանց էր ստեղծել և դրանց միջոցով կեղծ տեղեկատվություն էր տարածում օգտատերերի շրջանում»,- հաղորդել է Facebook-ի ղեկավարը:








































