Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադառնալով Փանիկ գյուղում ռուսական ռազմակայանի զինվորների մասնակցությամբ հայտնի աղմկոտ միջադեպին՝ ասել է, որ դա սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերության և Հայաստանի ինքնիշխանության դեմ: Վարչապետը հայտարարել է, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Փաշինյանի հայտարարությունն ու արձագանքը կարևոր են առաջին հերթին այն առումով, որ խնդրին Հայաստանն անդրադառնում է առաջին դեմքի մակարդակով, ու նաև տրվում է բավականին հստակ, ոչ լղոզված գնահատական: Դրանով Երևանը առնվազն ցույց է տալիս, որ մտադիր չէ ռազմակայանի հետ կապված այդօրինակ խնդիրները մատնել անուշադրության կամ, այսպես ասած, քողարկել տարբեր մակարդակներում:
Փաշինյանի անդրադարձում կարևոր է նաև հանգամանքը, որ շեշտվում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությանը հարվածելու բաղադրիչը, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը: Այդպիսով, խնդիրը դրվում կամ դիտարկվում է ամբողջականության մեջ՝ միաժամանակ բավականին թափանցիկ տողատակով արձանագրելով, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ որևէ սադրանք կամ հարված հարված է հայ-ռուսական հարաբերությանը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Գագիկ Քեռյանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:
Գ. Քեռյանի դիտարկմամբ՝ հնարավոր է վարչապետն ավելի շատ ինֆորմացիա ունի, որ օգտագործում է սադրանք տերմինը: «Փաշինյանի որակումները բավականին խիստ են: Խստությունը պայմանավորում եմ այն հանգամանքով, որ տարբեր լրատվամիջոցներ, հասարակական արձագանքներ կարող են լինել այնպիսին, որ այս իրադարձությունը մեկնաբանվի որպես Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինվորականության ամենաթողության հանգամանք: Իսկ նման մեկնաբանությունը կարող է հանրապետությունում առաջացնել հակառուսական տրամադրություններ, ինչը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այս ռազմաբազան Ռուսաստանի միակ ռազմական ներկայությունն է Հարավային Կովկասում, և հասկանալի է ռուսական կողմի ներողություն խնդրելը և այցելությունը Հայաստանի պաշտոնատար այրերին: Նման միջադեպերը կարող են ստեղծել բավականին տխուր ֆոն հայ-ռուսական հարաբերությունների գնահատման և ընկալման առումով: Փաշինյանն անհանգստացած է… Մեղավորներին պատժելու հարցում շահագրգռված է ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական կողմը»:
Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ պետք է հստակեցնել, թե միջադեպի համար ով ինչի համար է պատասխանատու և խնդիրը դիտարկել ավելի լայն ենթատեքստով:
Վահան Թոքմաջյանի կարծիքով՝ Փանիկի դեպքը ռուսական կողմի նախազգուշացում էր:
Մանրամասն՝ տեսանյութում:








































