Երևանի ավագանու հուլիսի 16-ի նիստի տապալումից հետո քաղաքական օրակարգի առաջնային հարց է դարձել ավագանու արտահերթ ընտրությունների հարցը։ Այն, կախված կառավարության որոշումից, կարող է կայանալ օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, ավելի հավանական է՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Սա ինչ-որ իմաստով աննախադեպ երևույթ է Հայաստանի քաղաքական կյանքի համար. երբևէ ամառը այսքան հագեցած չի եղել քաղաքական օրակարգով ու քաղաքական իրադարձություններով։
Մյուս կողմից՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախորդելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչը կրկնակի կարևոր է դարձնում այդ իրադարձությունը։ Քաղաքային ընտրությունների ամենակարևոր ինտրիգը կապված է դրանց մասնակից ուժերի ու հնարավոր ձևաչափերի հետ։
Քաղաքական կուլիսներում ամենաքննարկվող հարցն այս օրերին իշխանության մասնակցության ձևաչափի հարցն է․արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին, թե՞ «Ելք» դաշինքով։
Վերջնական որոշում դեռևս չի կայացվել, ինչպես այսօր հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, այդ հարցը դեռ վերջնականապես չի քննարկվել։ Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ասել է, որ եթե որոշում կայացվի չմասնակցել «Ելք»-ով, «Լուսավոր Հայաստանը» ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին։
Իրականում այդ հարցը՝ ընտրություններին «Ելք»-ով կամ առանձին մասնակցելու, կարևորագույն հարց է և դրանով է մեծապես պայմանավորված լինելու ինչպես ընտրությունների ելքը, այնպես էլ քաղաքական ուժերի դասավորությունը ավագանիում, ապա նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում։
Բանն այն է, որ Երևան քաղաքի մասին օրենքի համաձայն, ընտրությունները կարող են կայացած համարվել, եթե դրանց արդյունքում անցողիկ շեմը հաղթահարում են առնվազն մասնակից երեք ուժեր։ Այսպիսով, եթե «Ելք»-ը ավագանու ընտրություններին մասնակցի դաշինքով՝ միասնական ցուցակով, ապա առաջանում է հաջորդ հարցը․իսկ որ ուժերն են լինելու մյուս առնվազն երկուսը։
«Բարգավաճ Հայաստանը» արդեն հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին, նման հայտարարություն է արել նաև Հայ ազգային կոնգրեսը, ընտրություններին, մեծ հավանականությամբ, կմասնակցի նաև Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Բացառված չէ՝ ընտրություններին մասնակցեն այլ ուժեր ևս։
Այս պահին հայտնի է միայն, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին։ Ուժերի այս դասավորվածությունը կամ ներկապնակը ցույց է տալիս, որ «Ելք» դաշինքով մասնակցելու դեպքում իշխանությունը մեծացնելու է ընտրություններին մասնակից այլ ուժերի հնարավորությունները և ավագանու մանդատների թիվը դրանց արդյունքում։
Ավելի հիմնավոր է թվում ընտրություններին «Ելք»-ի կուսակցությունների՝ առանձին-առանձին մասնակցելու սցենարը՝ ընտրություններից հետո արդեն ավագանում կոալիցիա ձևավորելու ու քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու ներքին քաղաքական պայմանավորվածությամբ։
Հակառակ դեպքում, ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում մեծանալու են այլ ուժերի, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի հնարավորությունները։ Ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու մարտավարությունը իրականում «Ելք»-ի միասնականության պահպանմանը միտված մարտավարություն կարող է դառնալ, քանի որ եթե ընտրությունների արդյունքում Երևանի ավագանում ձևավորված կոալիցիայով «Ելք»-ը կարողանա ստանձնել քաղաքային իշխանության կառավարումը, դա որոշակի նախադրյալ կդառնա նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում միասնաբար հանդես գալու համար։
Եվ հակառակը՝ Երևանի ավագանու ընտրություններում պարտությունը, թեկուզ պայմանական պարտությունը՝ այլ ուժերի էական ներկայացվածության տեսքով, կարող է առաջ բերել ԱԺ ընտրություններում առանձին հանդես գալու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք»-ի կուսակցությունների առանձին հանդես գալու սցենարը կարող է նաև քարոչզական մարտավարության լուրջ բաղադրիչ դառնալ. հասկանալի է՝ այդ ուժերը, հատկապես եթե ունեն խորհրդարանական ընտրություններում միասնաբար հանդես գալու նպատակադրում, ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ միմյանց նկատմամբ կպահպանեն առնվան չեզոքություն և չեն հարվածի իրար։
Հակառակը՝ այլ մրցակիցներին հակադարձելու անհրաժեշտության դեպքում դա կարող են իրականացնել միանգամից երեք ուժեր։ Ընդ որում, հասարակության հետ ազնիվ լինելու համար «Ելք»-ի կուսակցությունները կարող են հենց քարոզարշավի սկզբում ազնվորեն հայտարարել, որ առանձին մասնակցությունը ընտրություններին ընդամենը մարտավարություն է, որը հնարավորություն կտա երեք ուժերից առավելագույն ձայնը ստացած ցուցակից ընտրել Երևանի քաղաքապետ՝ արդեն ավագանում ձևավորված կոալիցիայով։
Այսինքն՝ «Ելք»-ի երկարաժամկետ միասնականությունն ապահովելու համար անհրաժեշտ է դրա պայմանական, ժամանակավոր «տրոհումը» Երևանի ավագանու ընտրություններում։
Երևանի ավագանու ընտրությունները կարևոր փորձաքար են ինչպես իշխանության ու նրա մաս կազմող ուժերի, այնպես էլ ընտրություններին մասնակցել պատրաստվող այլ կուսակցությունների համար։
Այդ իմաստով, ավագանու ընտրությունները շատ ավելի համապետական նշանակություն են ունեցել, քան երբևէ ունեցել են ապագայում։ Այդ ընտրությունները մեծապես պայմանավորելու են խաղի կանոնները, մասնակիցների վարքագիծն ու ուժերի դասավորությունը արդեն ամիսներ անց կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Լուսանկարը՝ Photolure-ի








































