«Առաջին լրատվականի» զրուցակիցը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն է։
–Պարոն Սասունյան, «Հայաստան» հիմնադրամում լուրջ սկանդալ է ծագել, տնօրենին մեղադրանքներ են առաջադրել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։
-Մեղադրանքները շատ ցավալի են և մտահոգիչ։ Ո՞նց կարող է բարեսիրության ղեկավարը գողանալ ժողովրդի կողմից հավաքված նվիրատվությունները։ Բայց միայն Արա Վարդանյանը չէ, որ մեղավոր է։ Որտե՞ղ էր հիմնադրամի հաշվապահը, գանձապահը, աուդիտ ընկերության տարեկան ստուգումները և, վերջապես հիմնադրամի վարչությունը։
–Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր սփյուռքի մեր հայրենակիցների արձագանքը հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս բացահայտումներից հետո ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստան-սփյուռք հարաբերություններում։
-Սփյուռքի նվիրատուները շոկի մեջ են։ Հիմնադրամի հանդեպ անվստահությունն ավելի կշատանա և ավելի քիչ նվիրատուներ կլինեն։ Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ այսպիսի բան է կատարվում, այն էլ՝ Նոր Հայաստանի օրերին։
–Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցության Արևմտյան Ամերիկայի Վարիչ Մարմինը հայտարարել է, թե դուրս է եկել «Հայաստան» հիմնադրամի Ամերիկայի հոգաբարձուների խորհրդի կազմից։ Արդյո՞ք այս միտումը կարող է շարունակվել, սփյուռքի այլ կառույցներ ևս լքեն հիմնադրամի կառույցները։
-Չեմ կարծում, թե այլ կազմակերպություններ դուրս կգան հիմնադրամի խորհրդի կազմից։ Հավանաբար հաջորդ շաբաթներին կտեսնենք հիմնադրամի վերակազմակերպումը՝ նոր ղեկավարով, նոր վարչությամբ, նոր հաշվապահով, և նոր աուդիտ ընկերությամբ։ Հիմնադրամը կշարունակի իր առաքելությունը՝ վերը նշված փոփոխություններով։ Առավել, պետությունը չպետք է ղեկավարի հիմնադրամը։ Ներկայումս պետությունը վերահսկում է ինքն իրեն։ Պետությունը միայն հսկողի դերի մեջ պիտի լինի։ Հիմնադրամը պետք է լինի անկախ, այլ մարդասիրական կազմակերպությունների նման։
–Հնարավո՞ր է, որ նոր կառույց ստեղծվի, որն ավելի վստահելի լինի սփյուռքի համար։
-Այո, կառույցը պետք է փոխվի, պետությունը պետք է դուրս գա ղեկավար կազմից։
–Ի՞նչ պետք է անի Հայաստանի նոր իշխանությունը սփյուռքի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու համար։
-Իշխանությունները պետք է հիմնադրամի ղեկավարությունը հանձնեն սփյուռքին։ Իշխանություններն ընդհանրապես չպետք է խառնվեն սփյուռքի գործերին, որովհետև ծանոթ չեն սփյուռքին։ Սփյուռքը շատ ավելի լավ գիտի սփյուռքի հարցերն ու լուծումները։
Լուսանկարը՝ panorama.am-ի











































