Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումների շարքում իր բովանդակությամբ առանձնանում էր նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իհարկե, դա պայմանավորված է մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններով, ինչպես նաև` այն հանգամանքով, որ հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը բացառիկ կարևորություն է հաղորդում հայ-ֆրանսիական հարաբերություններին:
Սակայն Մակրոնին և Փաշինյանին կարող են միավորել նաև անձնական քաղաքական հատկանիշներ. այս երկու գործիչները իրենց երկրների քաղաքական համակարգերի արդիականացման խորհրդանիշներ են:
Մակրոնի հաղթանակը Ֆրանսիայի անցած տարվա նախագահական ընտրություններում, առանց չափազանցության, հեղափոխական էֆեկտ ուներ, որովհետև արմատապես փոխեց Հինգերորդ հանրապետության քաղաքական համակարգը, որը կառուցված էր պահպանողականների ու սոցիալիստների մշտական մրցակցության վրա: Հեղափոխական այդ էֆեկտը պետք է կապիտալացվեր կարճ ժամանակ հետո անցկացված խորհրդարանական ընտրություններում: Շատերը թերահավատ էին, բայց Մակրոնը պատվով հանձնեց քաղաքական քննությունը` իր փոքրաթիվ «Առաջ, Ֆրանսիա» կուսակցությանն ընտրությունների արդյունքներով դարձնելով խորհրդարանական մեծամասնություն:
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի արդիականացման քաղաքական շարժումը հիմնված էր հենց Մակրոնի խարիզմայի, հեղինակության վրա և Ֆրանսիայի գործող նախագահը խորհրդարանական ընտրական կամպանիան կազմակերպեց բացառիկ պայմաններում` օնլայն ռեժիմով թեկնածուներ ընտրելով սեփական կուսակցության համար:
Մակրոնը ճիշտ ժամանակին հասկացել էր Ֆրանսիայի հասարակության անհաղթահարելի անվստահությունը հին քաղաքական համակարգի հանդեպ և հմուտ մարտավարությամբ կարողացավ օգտվել այդ իրավիճակից: Նրա շարժումը` Marche-ը(քայլ, երթ) հիմնված էր ոչ թե կուսակցական ինստիտուցիոնալ կառույցների, այլ հասարակության ակտիվ աջակցության, ցանցային պայքարի, քաղաքացիական նախաձեռնությունների վրա` առանց գաղափարական կլիշեների, շատ դեպքերում` քաղաքական օրինաչափություններից դուրս դրսևորումներով: Սա նոր Ֆրանսիան էր` Մակրոնի դեմքով:
Գրեթե նույն քաղաքական, գաղափարական այցեքարտն, ինստիտուցիոնալ կառուցվածքն ունի Նիկոլ Փաշինյանի շարժումը. «Իմ քայլի» տրամաբանությունից սկսած, վերջացրած` այն սաստիկ հարվածով, որ Փաշինյանի շարժումը հասցրեց հին կոռումպացված համակարգին: Հայկական հեղափոխության հրապարակային միակ հերոսը Նիկոլ Փաշինյանն է, որն առաջիկա ամիսներին պետք է փորձի կրկնել Մակրոնի քաղաքական ֆենոմենը` իր փոքրաթիվ, մինչ հեղափոխությանը քչերին հայտնի կուսակցության համար մեծամասնություն ապահովել ապագա խորհրդարանում:
Նիկոլ Փաշինյանի թիմը չունի քաղաքական մրցակիցներ, էլեկտորալ խնդիրներ ու անկասկած կլուծի այդ խնդիրը: Հայաստանում հարցն առաջիկա ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը չէ, ինչը կանխատեսելի ու քաղաքականապես մոտիվացված է, այլ` այդ հաղթանակի որակը, ինչից մեծապես կախված է նոր Հայաստանի բովանդակությունը, քաղաքական համակարգի որակը:
Մինչև հեղափոխությունը ՔՊ-ն ուներ ընդամենը մեկ գրասենյակ, օրերս բացվեց 55-րդը` երկու հազար անդամության դիմումներով: Սա բնական գործընթաց է, որը հաջորդում է զանգվածային հրապարակային գործընթացին. ի վերջո կան շարժմանը մասնակից հազարավոր անկեղծ քաղաքացիներ, որոնք այս օրերն անդամակցելով ՔՊ-ին` ցանկանում են ֆորմալացնել իրենց մասնակցությունը հեղափոխությանը:
Մյուս կողմից` ՔՊ-ն շատ ուշադիր և նրբանկատ պետք է լինի, որպեսզի չդառնա նախորդ իշխող կուսակցությունների` ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի նախատիպը: ՀՀՇ-ի քաղաքական ճգնաժամը սկսվել է 1994-95թթ-ից, երբ համազգային շարժման ալիքի վրա ձևավորված կուսակցությունը համագործակցության գնաց նեմենկլատուրայի հետ` ըստ էության, հրաժարվելով ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականությունից և թույլ տալով, որ Հայաստանում ձևավորվի պետական կապիտալիզմի արատավոր մոդելը:
1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ՀՀԿ-ն դարձավ օլիգարխիայի ու կրիմինալի քաղաքական ցուցանակը` ասոցացվելով գողապետության հետ:
Շատ կարևոր է, որպեսզի ՔՊ-ն կարողանա ձերբազատվել զանգվածային կուսակցություն դառնալու գայթակղությունից` իր շարքերը համալրելով արժեքային հստակ կողմնորոշում, տեսլական ունեցող մարդկանցով: Հեղափոխության արժեքների կապիտալացումը ենթադրում է ոչ միայն հաղթանակ խորհրդարանական ընտրություններում, այլ նաև այնպիսի իշխանության ձևավորում, որն ինստիտուցիոնալ բարեփոխումներով բովանդակություն կհաղորդի նոր Հայաստանին` հնարավորություն ընձեռելով, որ երկրի ներսում ձևավորվի մրցակցային միջավայր, որտեղ կբախվեն այլընտրանքային մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ ու կարծիքներ:
Քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը խիստ կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ նոր համակարգը զերծ լինի պոպուլիզմից, հեղափոխական անտագոնիզմից և իրապես դառնա նոր Հայաստանի մոդելային մանրակերտը:







































