Դերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի վրայից, որին բռնել էին հուլիսի 11-ին գիշերային ակումբում, հանել են բոլոր մեղադրանքները։ Այս մասին հուլիսի 12-ին իր Twitter-ում գրել է նրա փաստաբանը՝ Մայքլ Ավենատին։
Ոստիկանները բռնել էին Քլիֆորդին, որը հայտարարում էր ԱՄՆ նախագահի հետ ունեցած սիրավեպի մասին, նրա ելույթի ժամանակ՝ Կոլամբուս քաղաքի գիշերային ակումբներից մեկում։

Ավենատին հաղորդել է, որ Քլիֆորդը թույլ է տվել այցելուին դիպչել իրեն բեմի վրա՝ ելույթի ժամանակ։ ԶԼՄ–ներում նշվում էր, որ Օհայո նահանգի օրենքներով դա արգելվում է։
Նահանգի իշխանությունները պոռնոդերասանուհուն մեղադրանքներ էին առաջադրել սեքսուալ բնույթի օրինախախտումների երեք կետերով։

Դատական քննության ընթացքում հաջողվել է պարզել, որ օրենքը արգելում է դիպչել միայն այն պարուհիներին, որոնք կանոնավոր կերպով են ելույթ ունենում գիշերային ակումբում։
Սակայն տեղի դատախազությունը պարզել է, որ դերասանուհին գիշերային ակումբում միայն մեկ ելույթ է ունեցել՝ հուլիսի 11-ին։

Սթեֆանի Քլիֆորդի անունը, որը պոռնոֆիլմերում նկարահանվել է Սթորմի Դենիելս բեմական անունով, սկսեցին քննարկել հունվարին, այն բանից հետո, երբ ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ նա մոտ է եղել Թրամփի հետ 2006-2007 թվականներին, երբ Թրամփն արդեն ամուսնացած էր Մելանյայի հետ։









































