Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականը սպասելի էր, եթե անգամ միայն հաշվի առնենք հոգեբանական գրոհը՝ քաղաքապետի ունեցվածքի մասին պատմող ֆիլմի տեսքով։ Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված, ըստ որի՝ մարդկանց քաղաքապետարանի այս կամ այն որոշման դիմաց հորդորել են փողեր փոխանցել «Երևան» հիմնադրամին: Իսկ այդ հիմնադրամի փաստացի ղեկավարը հենց Տարոն Մարգարյանն էր: Այս ամենն՝ իհարկե, զուտ Մարգարյանի ճակատագրի մասով, որովհետև մյուս կողմից՝ նա Հայաստանի պետական կառավարման, իշխանական համակարգում նախորդ իշխանության, ՀՀԿ-ի, այսպես ասած, «վերջին հանգրվանն» էր կամ «վերջին հենարանը»:
Քաղաքապետարանը միակ խոշոր օղակն էր մնացել, որտեղ ՀՀԿ-ն պահպանել էր իր գերակա դիրքը: Այդ դիրքն այլևս չկա, ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի հրաժարականով, ըստ էության հանձնեց վերջին բաստիոնը, որին բնականաբար հաջորդելու է մանր ու խոշոր մնացյալի հրաժարականների շղթայական ռեակցիան։ Այսպիսով ներքաղաքական փոփոխություններին միանում է նաև Երևանը, որը մեր երկրում, ցավոք սրտի, վաղուց էր քաղաք պետության կարգավիճակից օգտվում:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան, վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, վերլուծաբան, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
Ն. Բաղդասարյանի խոսքով՝ Երևանը դարձել էր պետություն պետության մեջ: «Իմ կարծիքով՝ այն վերջին բաստիոնն էր, որը կար իշխանությունների ձեռքում: Քաղաքապետի հրաժարականը տրամաբանական էր, քանի որ իրավիճակ է փոխվել պետության ներսում, և իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը, իսկ մենք համոզված ենք, որ ժողովուրդը չի ընտրել Տարոն Մարգարյանին: Ես տեսել եմ, թե ինչպես են ընտրությունները կազմակերպվել, դա վերից վար կոռուպցիոն համակարգ էր»:
Թ. Վարդանյանն անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն այլևս դիմադրելու շանս չունե՞ր՝ չնայած փորձերին, նշեց. «Նախ՝ այն ալիքը, որ բարձրացավ իշխանափոխությունից առաջ և հետո, արդեն իսկ պարզ դարձրեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը ուղղակիորեն անխուսափելի էր: Եվ այդ ալիքն ավելի բարձրացավ, երբ Տարոն Մարգարյանը մնաց ՀՀԿ միակ կարկառուն ներկայացուցիչը: Նրա հրաժարականին նպաստեց նաև հանրության կարծիքը՝ կապված Տարոն Մարգարյանի ունեցվածքի և «Երևան» հիմնադրամի հետ:
Պատրա՞ստ է նոր իշխանությունն այս փոփոխությանը. ի պատասխան այս հարցի Կ. Կարապետյանը նշեց. «Այո՛, կարծում եմ պատրաստ է ոչ միայն իշխանությունը, այլ նաև հանրությունը նույնպես: Այս հրաժարականը սպասելի էր, դա հեղափոխության տրամաբանական շղթան էր, որը պետք է տեղի ունենար:
Հայաստանում տեղի է ուենեցել նաև բարոյական մթնոլորտի փոփոխություն, հոգեբանական մթնոլորտի փոփոխություն: Այսօրվա Հայաստանը, այսօրվա հասարակությունը այլևս այն չէ, ինչ որ երկու ամիս առաջ էր, մարդիկ արդեն թոթափել են նախկին մթնոլորտը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































