Վաշինգտոնը, ինչպես նախկինում, Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը այլ կերպ մեկնաբանելու ԶԼՄ-ների փորձերին: Այս մասին OstWest հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը:
«Ես կարծում եմ, որ ամերիկյան մեդիան շտապել է Ղրիմի բռնակցման հնարավոր ճանաչման հարցում: Սպիտակ տունը հետագայում շատ հստակ է արտահայտվել՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը և Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հստակեցրել են, որ ԱՄՆ-ը չի ծրագրում ճանաչել Ղրիմի ռուսական բռնակցումը: Այդպես էլ պետք է հասկանալ ամերիկյան դիրքորոշումը»,- մանրամասնել է նա:
Վոլքերն ընդգծել է, որ համաձայն Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշման՝ հենց Ռուսաստանն է կրում հակամարտության ծավալման պատասխանատվությունը: Նա նաև նշել է, որ դա արվել է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար: «Սկզբում Ղրիմում հիբրիդային պատերազմով, հետո Ղրիմի բռնագրավմամբ և այն Ռուսաստանին միացնելու հայտարարությամբ, իսկ հետո նույն պլանի իրագործմամբ Ուկրաինայի արևելքում, որոնք իրականացվեցին ռուսական զինված ուժերի հրամանատարության ներքո տեղի ունեցած ռազմական գործողություններով և ռուսական փողերով»,- ասել է նա:









































