Մեկնարկը տրված է, գործընթացը սկսված է: Հայաստանի հանրությունը սկսել է քայլել դեպի սահմանադրական պետություն և այդ ճանապարհին հեռացրել է գլխավոր խոչընդոտներից մեկը՝ նախորդ իշխող համակարգը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի և երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ:
Անդրադառնալով վերջին օրերի բացահայտումներին, մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի արարքին, ով մեղադրվում է յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեջ, մեր զրուցակիցները ներկայացրին իրենց դիտարկումները՝ հատկապես կարևորելով խնդրի բարոյական կողմը:
Եղիշե Պետրոսյանի դիտարկմամբ՝ երկու կարծիք կա՝ առաջինը՝ չարժի աղմուկը տնից հանել, դա վնասում է, և երկրորդ՝ անպայման պետք է ամեն ինչ բացել, դնել սեղանին, հետո նոր փորձել մաքրվել: «Ես երկրորդ կարծիքի կողմնակիցն եմ: Կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում ով ինչ կմտածի, սա մեր տունն է, մենք մեր տունը պետք է իրոք լավ մաքրենք՝ մինչև վերջ, և դրա համար մեզ երևի թե դեռ երկար ժամանակ է պետք՝ 2-3 տարի, որովհետև մեր երկիրն ահավոր աղտոտված է: Մենք պետականություն չենք ունեցել, եղել են բաշխված տարածքներ՝ տարբեր անհատների հատկացված, որոնք այնտեղ տնօրինել են և կիրառել են «բեզ պրիդել» ասվածը: Հիմա պետք է այս ամեն ինչը դադարեցնել, շատ լավ է, որ այդ ուղղությամբ աշխատանքը սկսվել է, պետք է մինչև վերջ գնալ: Միայն այդ արդյունքի պարագայում մենք կարող ենք հավակնել առաջընթացի»,- նշեց Ե. Պետրոսյանը:
Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ հեղափոխություն անելը երևի ավելի հեշտ է, քան արժեքային համակարգ փոխելը: «Ես հետևում եմ մեկնաբանություններին «Հայաստան» հիմնադրամի վերաբերյալ. կա այսպիսի մեկնաբանություն՝ ոչ մի լումա չի վերցրել, վերադարձրել է և այլն. սա խախտված արժեհամակարգ է: Պատիվ, արժանապատվություն, մտավորականի կեցվածք. սրանք իրենց մեջ պարունակում են բազմաթիվ արգելքներ, որոնք իրեն չի կարող թույլ տալ իրեն քաղաքացի, մարդ, մտավորական համարողը: Բացի Քրեական օրենսգրքից՝ կա պատվո կոդեքս. բաներ, որ չի կարելի անել՝ ստել, ուրիշի իրը վերցնել, օգտագործել, հետո տանել հետ դնել, այս խախտված բարոյական համակարգը այսօր շատ ավելի դժվար է կարգավորելը: 2-3 տարի միգուցե պետք կգա, որպեսզի բացահայտվեն հանցագործությունները, բայց մտածողությունը փոխելու համար մանկապարտեզից պետք է սկսել»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































