Կառավարությունը նախատեսում է խորհրդարանում կանանց մասնակցության 25 տոկոս ապահովել, սակայն Հասարակական կազմակերպությունները դժգոհ են այդ քանակից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթի նախապատրաստման աշխատանքների համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ՀՀ կառավարությունում կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվեց խորհրդարանում կանանց մասնակցության հարցը։
«Ընտրական օրենքով ամրագրված է, որ գործող կարգավորումների համաձայն ամեն 4-րդը պետք է կին լինի։ Միաժամանակ, երբ ընտրվածներից հրաժարական է տալիս կին, և դրանով խախտվում է կանանց քանակի նվազագույն 20 տոկոսի շեմը, ապա նրա փոխարեն անցնում է ոչ թե ցուցակով հաջորդը, այլ հաջորդ կինը։ Այսպիսով, երաշխավորվում է կանանց 20-տոկոսանոց մասնակցությունը խորհրդարանում»,- նշեց Իոաննիսյանը։




































