Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ երկրի գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն իրեն շանտաժի է ենթարկել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով դատախազ Նաթիա Սոնգուլաշվիլիին, ով հետաքննում է Մերաբիշվիլիի գործը:
Մերաբիշվիլին հայտարարել է, որ ուրբաթ գիշերն իրեն բանտից դուրս են հանել` գլխին շոր գցելով և, ինչպես ինքն է ենթադրում, տարել են պատիժների իրականացման դեպարտամենտ, որտեղ իրեն 2 մարդ են դիմավորել, այդ թվում՝ գլխավոր դատախազը: Մերաբիշվիլին պնդում է, որ դատախազն իրենից պահանջել է օգնել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործի բացահայտմանը և ասել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բանկային հաշիվների համարները:
«Այդ հայտարարությունը սուտ է, որն ուղղված է վկաների խոսքերն աղավաղելուն»,- հայտարարել է Սոնգուլաշվիլին: