«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։
– Պարոն Պետրոսյան, ԵԿՄ անդամների հետ ձեր քննարկումները ո՞ր փուլում են։ Մի մասը համաձայն է ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնել Արամ Զավենի Սարգսյանին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։
– Մենք ուզում էինք փոխել կառավարման համակարգը, բայց այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել։ Գոնե ժամանակավորապես պետք է փոխվի կառավարման համակարգը, ու կառույցը չղեկավարի նախագահը. իրենք կարծես համաձայն չեն։
Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ իրեն առաջարկել ենք, սկզբնական շրջանում ինքը համաձայն չէր, բայց հետո ասում են՝ համաձայնել է։ Ամեն դեպքում նշեմ, որ մենք կառավարման կոլեգիալ տարբերակին ենք կողմ, ի սկզբանե իրենք էլ կարծես համաձայն էին, հիմա փոխում են դիրքորոշումը։ Եթե փոխում են՝ թող փոխեն, մենք ժամանակավորապես կսառեցնենք համագործակցությունը, առաջիկայում կորոշենք ՝ համագործակցե՞նք, թե՞ ոչ։ Իսկ Արամ Սարգսյանի հետ կապված ասեմ, որ մենք դեմ չենք, նա այն մարդն է, որի շուրջը Երկրապահը կարող է համախմբվել։
– Այսինքն՝ հակված եք, որ ԵԿՄ-ն նախագահ չունենա՞։
– Երկրապահի դառը փորձը ցույց տվեց, որ անձով պայմանավորված՝ շատ ավելի ռիսկային է, մանավանդ այսօր, երբ անցումային պրոցես է։ Մենք հիմա պետք է կարողանանք ԵԿՄ-ից անջատված տարբեր հասարակական կազմակերպություններ միավորել, ու մեր նշած ձևաչափով շատ ավելի հեշտ կլինի։ Գոնե ժամանակավորապես՝ մեկ տարվա համար այդպես թող լինի։ Մեր դաշինքում էլ է կառավարման այդպիսի տարբերակ, և շատ արդյունավետ է, որովհետև անձով չի պայմանավորված. ավելի ճկուն ու նպատակային է, ընդհանուրի համար էլ բաց է։
– Բայց մտավախություն չկա՞, որ այդպես էլ խառնաշփոթ կառաջանա, մանավանդ հայտնի դեպքերից հետո, չլինի՞ մեկը, որ համակարգի։
– Արամի անձի հետ կապված ես անձնական մտավախություն չունեմ, նորից եմ ասում՝ դեմ չենք, բայց այդ կառույցը վատ վիճակում է։ Սակայն տպավորություն է, որ այդ կառույցում արդեն սերտաճել են, ու նայում եմ իրենց պահվածքին՝ հինը պահպանելու ցանկություն ունեն։ Կա՛մ կվերանայեն, կա՛մ էլ մենք կմտածենք՝ շարունակե՞նք համագործակցել, թե՞ ոչ։
– Ո՞վ պետք է վերանայի՝ ԵԿՄ փոխնախագահնե՞րը։
– Այո, փոխնախագահները, իրենք վերակենդանացման փուլ են անցնում, եթե կարողանում են մեջքները շտկել՝ թող ինքնուրույն անեն, մենք չենք խանգարի։ Մեր առաջարկած տարբերակը սկզբում իրենց համար ընդունելի էր, հիմա ոնց որ դիրքորոշումը փոխեցին՝ առանց հիմնավորելու, թե ինչն է պատճառը։ Եթե այդպես է, ես մտածում եմ՝ իրենք արատավոր երևույթները ուզում են պահել. դաշինքն այդ ճանապարհով չի գնա։









































