ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում տեսնում է նաև ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի թեկնածությունը: Հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանն ասաց, որ Հայկ Դեմոյանը ևս կարող է մասնակցել մրցույթին հաշվի առնելով իր վաստակը և իր ունեցած դերը թանգարանում: «Նա ևս կարող է դիմել և տրամաբանական կլինի, որ մասնակցի այս մրցույթին»,-հավելեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Հայկ Դեմոյանի վերջին սկանդալային գրառումներին, ԿԳ նախարարի տեղակալն ասաց, որ Հայկ Դեմոյանի հետ խոսել է բարձրացված սկանդալից առաջ և խնդրի ամբողջ էությունը զուտ իրավական ընթացակարգերով, կառավարության կողմից հաստատված կանոնադրության հաստատված գործընթացն ապահովելն էր: «Ես զանգել եմ պարոն Դեմոյանին և շատ բարիդրացիական տոնով նրան ասել եմ, որ կառավարության որոշմամբ, նա թանգարանի տնօրենը չէ և չի կրող տնօրինել թանգարանի գույքն ու մեքենան: Ես խնդրեցի նրան , որ նա ոչ իրավաչափ գործողություններ չանի, որոնք հղի են հետագա զարգացումներով: Ինչին ի պատասխան Դեմոյանը ինձ միջազգային սկանդալ խոստացավ»,-ասաց Հովհաննիսյանը:









































