Ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մերիլենդ նահանգում Capital Gazette պարբերականի խմբագրության վրա հարձակվել է 38-ամյա Ջերոդ Ռամոսը։ Նշվում է, որ նախկինում նա պարբերականի հետ դատական քաշքշուքներ է ունեցել։ 2011-ին Capital Gazette-ն գրել է Ռամոսի դեմ հարուցված քրեական գործի մասին՝ հետապնդման պատճառով, հաղորդում է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ նա վիրավորանքներ և սպառնալիքներ է համացանցով ուղարկել կնոջը, որի հետ քոլեջում է սովորել։ Տղամարդը զրպարտանքի մասին հայց է ներկայացրել, սակայն չի կարողացել ապացուցել, որ նյութում եղած տեղեկությունները սուտ են։ Դատարանը Capital Gazette-ի օգտին է որոշում կայացրել, Ռամոսը փորձել է այն վիճարկել, սակայն ապարդյուն։

Խմբագրությունում հրաձգությունից հետո լրագրողները գտել են հարձակվողի Twitter-ի էջը, որը նա վարել է @EricHartleyFrnd անվամբ և որտեղ սպառնացել է պարբերականի աշխատակիցներին, հիմնականում՝ Ռոբ Հիասենին, որը սպանվել է հրաձգության ժամանակ։

Անն Արանդել շրջանի ոստիկանապետի տեղակալ Ուիլյամ Քրամփֆն ասել է, որ Ռամոսի հարձակումը ծրագրված էր, սակայն նա չէր ձգտում կոնկրետ մարդու սպանել։










































