Երևանի քաղաքապետարանի մուտքը գիշերվանից փակ էր։ Մի խումբ քաղաքացիներ գիշերը փակել էին քաղաքապետարանի կենտրոնական մուտքը և աշխատակիցներին արգելում էին մուտք գործել շենք և ներկայանալ աշխատանքի։ Ակցիայի կազմակերպիչներին քաղաքապետարանի մոտ էր բերել գիշերը հրապարակված տեսանյութը, որը պարունակում էր հետաքննական նյութ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի առնչությամբ:
Ակցիայի վայր ժամանեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հրաժարվեց իրավական գնահատական տալ հրապարակված տեսանյութի առնչությամբ, սակայն որպես քաղաքական գնահատական ճիշտ համարեց Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Նա այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որն այժմ իշխանության չէ, այդ պատճառով նա ևս պետք է հրաժարվի պաշտոնից»,-ասաց պատգամավորը:
Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։ Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է) առնչությամբ հարուցված քրեական գործին։ «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Այն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-նշել է Մկրտչյանը:



































