Դատաիրավական համակարգի պաշտոնանկություններով աստիճանաբար թուլացվում է նախկին իշխանության կոռուպցիոն ցանցերի «բոլտերը», սակայն պետական աթոռներին դեռ մնացած որոշ առանցքային դեմքեր դիմադրում են նաև աթոռազրկվածների փոխարեն… Դիմադրում են ՄԻԵԴ-ի և աղմկահարույց գործերով…
Այդ դիմադրության ժամանակահատվածը աշխատում է ի վնաս նշյալ գործերով անցնող անձանց՝ տուժողների, վկաների, նույնիսկ դատապարտյալների…Նոր կասկածելի մահեր են արձանագրվում… Կարծես ինչ-որ անձինք իրենց այլանդակ հանցանքների վերջին հետքերն են մաքրում՝ հետագա հնարավոր բացահայտումները բացառելու համար:
ՔԿ-ի նախագահ Աղվան Հովսեփյանի և նրա նախկին ենթակա ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հեռացումը իրավապահ համակարգից անշուշտ կարևոր և անհրաժեշտ քայլ էր կոռուպցիոն երևույթները բացահայտելու և աղմկահարույց գործերը տրամաբանական ու օբյեկտիվ հուն տեղափոխելու, հանգուցալուծելու համար:
Բայց դա բավարար չէ…Նոր Հայաստանի պետական համակարգում դեռ մնում են 30 տարի հանցագործություններ վարած, ցանած իշխանության առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք, ազգակից պաշտոնյաներ: Նրանք զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ տարբեր ոլորտներում և ոչ միայն վերահսկել են, այլ նաև ապահովել՝ պետության տվյալ «երակների» արնահոսումը…
Նրանք դանդաղեցնում են Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, և յուրաքանչյուրը դա անում է իր ձևով՝ հօգուտ նախկին իշխանության ներկայացուցիչների:
«Դանդեցման ռեժիմը» միացրած անձանց մեջ չպետք է մոռանալ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին: Դատավորները կարծես հիմա էլ նրանից են կաշկանդված…վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնազրկումից հետո:

Փաստ 1. Սփյուռքահայ գործարար, 8,5 միլիոն դոլարի վնաս կրած Էդմոնդ Խուդյանի և հարակից տուժողների գործով հունիսի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը կրկին /16-րդ անգամ/ չկայացավ: Պատճառաբանությունն այն էր, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է, թեև նույն օրը նշանակված մի քանի նիստեր ուներ:
Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության միջոցով ու նաև միջոցներով՝ Երևանի կենտրոնում կառուցված շենքերի մութ պատմությունների «հերոսների» հովանավորների շարքում շոշափվում են նախկին իշխանության վերնախավի և նրանց մերձավորների անունները:
Նշենք նաև, որ սույն գործով դատավոր Ա. Բեկթաշյանը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող՝ Բարձրագույն դատական խորհրդի /ԲԴԽ/ անդամ է, իսկ նրա վերադասը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն է:
Փաստ 2. Ձգձգվում է նաև մեկ այլ աղմկահարույց սպանության գործի դատաքննությունը. Խոսքը Սեդրակ և Անդրանիկ Զատիկյան եղբայրների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի գործի մասին է:
Հիշեցնենք, որ ուղիղ 12 տարի առաջ՝ 2006թ-ի հունիսի 22-ին Երևանի «բանկի կրուգ» կոչվող հատվածում, մարդաշատ վայրում ինքնաձիգի կրակոցներից սպանվեց Սեդրակ Զատիկյանը և պատահական մի անցորդ՝ երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Սույն գործով սպանության պատվիրատուներ Նարեկ Խաչատրյանը և Ստեփան Հակոբյանը /ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի /Լեդի Հակոբ/ եղբորորդին է/ երկար ժամանակ գտնվում էին ազատության մեջ, իսկ երբ բռնեցին՝ կասկածելի մահվան դեպքերը հաջորդեցին միմյանց. սույն գործով անցնող անձանց՝ սպանված Սեդրակի եղբայր Անդրանիկ Զատիկյանին մահացած գտան իր տան դռան առջև՝ Ստեփան Հակոբյանի դատավարության առաջին օրը / 2013թ./, կարևոր վկա Արամ Արամյանի դին գտան կամրջի տակ՝ Նարեկի դատավարության ընթացքում՝ դատարան գալուց առաջ /2016թ./, սպանության պատվերը կատարած անձին, դատապարտյալ Արսեն Առուշանյանին մահացած գտան բանտում՝ /2018թ. ապրիլ 20/ մինչ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակեր Նարեկի վերաբերյալ դատական ակտը: /Այսինքն՝ կոռուպցիոն ճանկերն ամենուր են/:
Դատարանին մնում էր՝ մի միջնորդություն քննարկել ու անցնել խոհրդակցական սենյակ՝ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ դատական ակտ կայացնելու: Սակայն վերջին նիստերից մեկը չկայացավ. ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը որոշել էր դատական նիստի ժամի հաշվին ԲԴԽ նիստ անել, իսկ Սերգեյ Չիչոյանը, ով ևս ԲԴԽ անդամ է և սույն գործով՝ դատարանի կազմում, ստիպված թողել էր 12 տարի դատաիրավական համակարգում դեգերող գործը ու գնացել «բդխորհրդակցության»:
Հետո ամբաստանյալը հրաժարվեց իր պաշտպանից, և նոր փաստաբան ներգրավեց՝ գործը կրկին ձգձգելու նպատակով: Իսկ վերջին՝ հունիսի 20-ի նիստում պարզվեց, որ դատարանի կազմի փոփոխություն է եղել. ԲԴԽ-ն Չիչոյանին նշանակել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան այժմ փոխարինում է նշյալ դատարանից վերաքննիչ քրեական դատարան տեղափոխված Մնացական Հարությունյանը:
Փաստ 3. Ձգձգվում է նաև «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»՝ գործի դատաքննությունը: Սույն գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին՝ 62,000 եվրո փոխհատուցում վճարել Բագրատ, Նարինե, Արևիկ Նալբանդյաններին՝ խոշտանգման, դատարանի մատչելիության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի խախտումների համար. 2004թ-ի սպանության գործով՝ այն ժամանակ դատարանում տիրող մթնոլորտը թույլ չէր տվել արդյունվետ պաշտպանություն իրականացնել:
ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ ներպետական դատարանը Նալբանդյանների նկատմամբ գործադրված բռնությունների և խոշտանգումների փաստը քննարկման առարկա չի դարձրել:
Եվ ահա 2015-ից Հայաստան վերադարձած այս գործը կրկին մտել է դատարան, կրկին գնացել Գեղարքունիքի մարզ՝ քննության առնվել տեղի դատարանում՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Ի դեպ, նրան հաջողվել էր նորմալ մթնոլորտ ապահովել դատարանում՝ թույլ չտալով իրավիճակի սրում, և բավականին գրագետ ու մրցակցային, բազմակողմանի դատավարություն իրականացնել:
Արդեն բավականին գործ արված էր, և հանկարծ Գագիկ Հարությունյանի ղեկավարած ԲԴԽ-ն որոշում է դադարեցնել դատավոր Մնացական Հարությունյանի լիազորությունները՝ որպես Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր, և նրան նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Այժմ գործը պետք է հանձնվի այլ դատավորի, ով դեռ հայտնի չէ, թե քանի տարի կքննի 2004թ-ին կատարված անչափահաս աղջկա սպանության այդ գործը: Ի դեպ, թավշյա հեղափոխությանը նախորդած ժամանակահատվածում, կասկածելի կերպող ավտովթարի ենթարկվեց գլխավոր վկան՝ նախրապան Վարդանը, ով վերջինն էր տեսել զոհին. Ինչ-որ տղաներ նրան բռնությամբ մտցրել էին մեքենան, և աղջիկն այդ պահին գոռալով խնդրել էր Վարդանին՝ հայտնել իր ընտանիքի անդամներին, որ իրեն բռնությամբ տանում են:
Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների՝ առևանգողների և նրանց հանցակիցների մեջ տեղի իրավապահ համակարգի ներկայացուցիչների զավակներ են եղել: Այդ պաշտոնյաները մինչ օրս պաշտոններ են զբաղեցնում:
Ստացվում է՝ Գագիկ Հարությունյանը պաշտոնավարելով է խոչընդոտում ՄԻԵԴ-ի և աղմկահարույց գործերի հանգուցալուծմանը, իսկ ահա Գևորգ Կոստանյանը՝ չպաշտոնավարելով…
Նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, հակառակ իր կամքի, կամ գուցե՝ «կոմպրոմատների» տեղատարափի տակ մեծ լավություն արեց Աղվան Հովսեփյանին՝ հրաժարվելով ՄԻԵԴ-ում պետության ներկայացուցչի պաշտոնից:
Բանն այն, որ ՄԻԵԴ-ը մինչև հուլիսի 19-ը ժամանակ է տվել հայրենի կառավարությանը՝ պատասխանել որոշակի հարցերի՝ կապված պետական դավաճանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Հայրապետյանի գործով: Նրա դեմ մեղադրանքը պաշտպանել է Աղվան Հովսեփյանը… Փաստորեն Կոստանյանի հրաժարականով Աղվանի պատասխանատվության հարցը հետաձգվեց:
Մի լրացում ևս. հաշվի առնելով, որ վերը նշված աղմկահարույց գործերով կասկածելի մահերը նախորդել են դատավարությունների որոշակի փուլերին, և այդ գործերով անցնող անձանց, այդ թվում՝ թաքցված տվյալներով գաղտնի վկայի ինքնությունը, ամենայն հավանականությամբ հայտնի է դարձել վկայի չեզոքացմամբ շահագրգռված անձանց, դժվար չէ կռահել, որ ինֆորմացիան կարող էր փոխանցվել կոռումպացված քննչական մարմիններից:
Ինչ վերաբերում է բանտում գտնված Արսեն Առուշանյանի մահվան դեպքին՝ թավշյա հեղափոխությունից օր առաջ, ապա կրկնվենք՝ այդպիսի պատահականություններ չեն լինում: Սպանության պատվիրատուները կարող էին վախենալ, որ թավշյա հեղափոխությունից հետո Զատիկյան եղբայրների սպանության պատվերը 100,000 դոլարով ընդունած, բայց «քցված» Առուշանյանը կարող է ի վերջո բացահայտել հնարավոր հանցավորների ամբողջ շրջանակը, ովքեր դրսում «կազմակերպել են» կամ կարող էին և են կազմակերպել կարևոր վկաների, այլ անձանց չեզոքացումը՝ Անդրանիկ Զատիկյանի սպանության պատվերի մասով բացահայտումը բացառելու համար:
Նկատենք, որ բանտերում չի լինում նման որևէ կասկածելի դեպք՝ առանց ԱԱԾ- ի իմացության, կամ պարզվում է հետո՝ բոլոր հանգամանքերով հանդերձ: Այստեղ առաջ է գալիս արդեն Գագիկ Հարությունյանի եղբոր, ԱԱԾ պետի տեղակալ, վերջերս էլ նույն կարգավիճակում վերանշանակված Արզուման Հարությունյանի պատասխանատվության հարցը:
Վերջինս, մինչ թավշյա հեղափոխությունը, բարձրաստիճան պաշտոնյաներին մշտապես ուղեկցել է բանտեր՝ցույց տալով, որ ինքն է բանտերում հսկող ԱԱԾ-ականների շեֆը: Այսինքն բանտերում կատարվող բազմաթիվ մահվան դեպքերի, քաղաքական ակտիվիստների, Սասնա ծռերի և ընդհանրապես դատապարտյալների նկատմամբ ճնշումների պատասխանատվությունը առաջին հերթին ու նաև նրա ուսերին է…
Ուստի նրա մնալը համակարգում՝ չափազանց սխալ որոշում էր, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերի 27-ից 2 ամիս առաջ՝ 1999 թ. օգոստոսից նա ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետն էր, Մարտի 1-ից 6 ամիս անց՝ 2008 թ. սեպտեմբերին նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում, իսկ 2010-ին նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ…
Այլևս չպետք է լինեն արյունոտ տասնամյակներ, և թավշյա հեղափոխությունը պետք է մաքրի իշխանությանը դիմադրող դատաիրավական համակարգի որոշ հնաբնակների, այդ թվում՝ Գագիկ և Արզուման Հարությունյան եղբայրներին:









































