«Վերջին տարվա ընթացքում և նախագահի հիմնադրամը, և «Լույս» հիմնադրամը պարբերաբար աջակցել են պարոն Խեչոյանին բուժման հետ կապված հարցերում, և ներկայումս նույնպես դիտարկվում են աջակցություն ցուցաբերելու եղանակները»,- քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ անվանի արձակագիր Լևոն Խեչոյանը բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, և այժմ անհրաժեշտ է նրան տեղափոխել Հայաստան: Ընդ որում` գրողին անհրաժեշտ է հայրենիք տեղափոխել անկողնային վիճակում, և նրան պետք է ուղեկցեն մեկ բժիշկ և մեկ բուժքույր: Գերմանիայում են նաև արձակագրի կինն ու որդին:
«Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»,- առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն և գրողի մտերիմ ընկեր Մովսես Մանուկյանը:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, արձակագրին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ է ինքնաթիռի սրահում մի քանի նստատեղ հանել, որ տեղ բացվի նրա անկողինը տեղավորելու համար: Եվ նրա տեղափոխումն ապահովելու համար անհրաժեշտ են կազմակերպչական և ֆինանսական հնարավորություններ, ինչն էլ այսօր առավոտից քննարկում են պետական ամենատարբեր մարմիններում:
«Առաջին լրատվական»-ը փորձեց նաև Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից պարզել, թե արդյոք որևէ բան ձեռնարկել են գրողի տեղափոխմանն աջակցելու համար: Դեսպանատանը, սակայն, չէին հետևել Հայաստանի լրահոսին և տեղյակ չէին թե նրա՝ Գերմանիայում գտնվելու, թե առողջական վիճակի մասին: Սակայն խոստացան ավելի ուշ պատասխանել:
Ավելի ուշ մամուլում հրապարակում եղավ, թե Լ.Խեչոյանի բուժման և Հայաստան տեղափոխելու համար Կառավարությունն 8 մլն դրամ է հատկացրել: Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո ծառայությունից, որտեղից պատասխանեցին, թե «Վարչապետը Մշակույթի և Առողջապահության նախարարություններին հանձնարարել է հարցին անհապաղ լուծում տալ»:
Լուսանկարը՝ hetq.am-ի










































