Իսպանիայի հարավային Գրանադա քաղաքում մի քանի տասնյակ մարդիկ բողոքում են Սակրամոնտե լեռան հնագույն քարանձավներից մարդկանց տեղահանելու տեղական իշխանությունների որոշման դեմ: Իրավապահները քարանձավների բնակիչներին արդեն նախազգուշացրել են քարե լաբիրինթոսները շտապ լքելու անհրաժեշտության մասին՝ փոխանցում է Russia Today-ը:
Անցած շաբաթ Գրանադայի վարչակազմը հրապարակել է բնական տարածքի վերակազմավորման ծրագիր: Համաձայն փաստաթղթի՝ իշխանությունները ծրագրում են այդ վայրին տալ ավելի մշակութային տեսք և զբոսաշրջիկների համար այն դարձնել գրավիչ, ինչը ենթադրում է մի քանի տասնյակ գնչուական ընտանիքների վտարում: Նրանք արդեն երկար տարիներ ապրում են նման ինքնատիպ կացարաններում:
«Այդ քարանձավները միանգամայն անպիտան են բնակության համար: Այնտեղ չկա ո՛չ ջուր, ո՛չ լույս, ո՛չ էլ ջեռուցում: Բացի այդ, դրանցում ապրելն անվտանգ չէ, քանի որ այնտեղ ծաղկում է հանցավորությունը»,- հայտնել են Գրանադայի քաղաքապետարանում:
Իշխանությունների գործողությունները բախվել են իսպանացի իրավապաշտպանների քննադատությանը, ինչպես նաև տեղի բնակիչների զանգվածային բողոքի ցույցերին:
Իր հերթին քաղաքապետ Խոսե Տորես Ուրտադոն հայտարարել է, որ խոսքը վտարման մասին չէ, քանի որ քարանձավները բնակելի հաստատություններ չեն: Նա նշել է նաև, որ իշխանություններն իրավունք են վերապահում ուժ կիրառել այն դեպքում, եթե գնչուները չհամաձայնեն լքել քարանձավները:









































