«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համար ընդունելի չէ, երբ միայն կառավարությանն են քննադատում: «Կառավարությունը միայնակ չի գործում, այլ օրենսդիր մարմնի հետ: Այն օրենսդիր մարմնի արդյունքն է, ուստի ոչ միայն կառավարությունը պիտի հրաժարական տա, այլև ամբողջ ԱԺ-ն: Դա անհրաժեշտ է, որ մի փոքր մթնոլորտ փոխվի, հակառակ պարագայում կառավարության հրաժարականը՝ առանց ԱԺ փոփոխության, որևէ արդյունք չի տալու, նույն պրոցեսն է լինելու, նույն կոռումպացված, մոնոպոլացված համակարգը»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ նույն ԱԺ-ն է, որ հաստատում է կառավարության ներկայացրած օրենքները, բյուջեն, որը քաղաքացիների հետ բացարձակապես այլևս կապ չունի: Ըստ բանախոսի՝ իշխանությունների ներսում այլևս ոչ թե գործողությունների իմիտացիա է տեղի ունենում, այլ, բառի բուն իմաստով, խաբեություն:
«Երեկ լսում եմ՝ ինչպես է էներգետիկայի նախարարն ասում, որ Մեղրի հէկի նախագիծը դեռևս պատրաստ չէ, բայց որպեսզի հասարակությանը ցույց տան, պատրանք ստեղծեն, թե իշխանությունները մեր երկրի էներգետիկ անվտանգության մասին մտածում են, նախագահական ընտրություններից առաջ պաշտոնական բացում արեցին, այն դեպքում, երբ նույնիսկ նախագիծը պատրաստ չէր: Այսինքն՝ անցել են խաբեբայությունների»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ ներքին քաղաքականության մեջ կարևոր խնդիրներ կան. բյուջե, կենսաթոշակային հիմնադրամ, ՄԻՊ հետ կապված խնդիրներ, որոնք այսօր, ըստ էության, ածանցյալ են ընդամենը: Ածանցյալ են կառավարման համակարգի փտածությանը, քանի որ չկա որևէ ոլորտ, բնագավառ, որ քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանա, կամ դրանում առաջընթաց տեսնենք: Բանախոսը նաև նշեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդին հետևելով՝ վայելում են կառավարության գործունեությունը:









































