2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, անշարժ գույքի շուկայում գրանցվել է 12.5 տոկոս աճ, որից 6 տոկոսը բաշխվել է բազմաբնակարանների, 4 տոկոսը՝ առանձնատների, և մի մասն էլ՝ հողատարածքների վրա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց անշարժ գույքի մասնագետ Գարիկ Դանիելյանը՝ հավելելով, որ վարձակալության շուկան գրեթե անփոփոխ է մնացել:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նկատեց, որ անշարժ գույքի գները վերջին երկու տարվա ընթացքում լճացման վիճակում են: «Սիրիահայերի Հայաստան վերադարձով պայմանավորված՝ անշարժ գույք վաճառողները գների բարձրացման հույսեր ունեն, չնայած որ պետությունը վերջիններիս համար փոքրիկ ավան է կառուցում»,-ասաց նա:
Գարիկ Մակարյանի խոսքով՝ էկոնոմիկան և անշարժ գույքի գները պետք է միմյանց համահունչ զարգանան: «Միաժամանակ, այդ զարգացման մեջ պետք է պատշաճ կերպով ներկայացվի շուկայի իրական պատկերը: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո անշարժ գույքի շուկայի հնարավոր վիճակին, ապա ճշգրիտ կիրառման դեպքում ՄՄ-ի կանոնները կարող են խթանիչ դեր խաղալ շուկայում, և հակառակը՝ գործիքների սխալ կիրառման պարագայում դանդաղեցնող գործոն հանդիսանալ»,- ասաց նա:











































