«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանը:
– Պարոն Վարդանյան, Պուտինի այցից հետո ավելի հստակեցվեց Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Դուք` որպես գործարար, ինչպե՞ս եք գնահատում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը: Ձեր բիզնեսի վրա այն ինչպե՞ս կանդրադառնա:
– Դրա մեջ վատ բան չկա: Նրանք ովքեր մաքուր, ճիշտ են աշխատում, ոչ մի վատ բան չի լինի, իսկ նրանք, ովքեր սխալ են աշխատում օրենքի դաշտում, նրանք վախենալու բան ունեն, կարծում եմ:
– Իսկ մտավախություն չունե՞ք, որ Մաքսային միություն մտնելուց հետո եվրոպական շուկայի հետ աշխատելը դժվար կլինի: Եվրոպան մաքսային խստացումներ կմտցնի:
– Իմ կարծիքով` ոչ մի խստացում էլ չի դնի Եվրոպան, որովհետև եվրոպացիները պատժամիջոցներով չեն զբաղվում, նրանք կշարունակեն աշխատել այնպես, ինչպես միշտ: Չնայած դեռ վաղ է խոսելը դրա մասին: Իսկ մենք պատրաստ ենք պայքարել մեր բիզնեսի հաջողության համար:
– Իսկ ի՞նչ վիճակում է Ձեր բիզնեսը: Դեռ մտադրություն ունե՞ք այն տեղափոխել Հայաստանից:
– Ի սկզբանե այդպիսի մտադրություն չի եղել, հիմա էլ չկա: Իսկ որ էդպիսի լուրեր հայտնվում են մամուլում, դրանք պատվերներ են, լուրջ բան չկա:
– Պարոն Վարդանյան, Դուք մի քանի անգամ, նկատի ունենալով հարկային ու մաքսային խոչընդոտները, հայտարարել եք, որ վարչապետի գլխավորությամբ Ձեզ քանի տարի է նեղում են: Դեռ կա՞ն այդ ճնշումները:
– Ես կարծում եմ, որ մեր երկրում հարկային և մաքսային կառույցների աշխատանքից կախված ա և էկոնոմիկայի վիճակը, և սոցիալական, և եթե ուզում եք` նաև արտագաղթի վիճակը: 80-90 տոկոս այդ վիճակի պատասխանատուն մաքսային և հարկային կառույցներն են: Իմ բիզնեսը ևս Հայաստանում է գտնվում և ենթարկվում է այդ բոլոր դժվարություններին, ինչպես մնացած բիզնեսները: Բայց դեռ դիմակայում ենք:
– Ձեր կարծիքով` դրանք արհեստակա՞ն խոչընդոտներ են և միտումնավո՞ր են արվում:
– Այդ հարցը ուղղեք քաղաքական դաշտին, ես չեմ կարող պատասխանել: Ամբողջ աշխարհը պաշտպանում և խթանում է տեղական արտադրողի գործունեությունը, իսկ մեր մոտ դա դեռ չկա: Ապագայում կլինի, թե ոչ, չեմ կարող ասել:
– Ձեր ընկերության հետ կապված էլ հաճախ հնչում է, որ Ձեր ձեռնարկություններում աշխատողների մեծ մասը գրանցված չէ, հաշիվ–ապրանքագրեր խանութներին չեք տալիս: Այսինքն` հարկային պարտավորություններից խուսափելու միտում կա:
– Հերթական շանտաժներն են, մի հավատացեք:
– Վերջերս Ձեր արտադրանքի հետ կապված մի քանի տհաճ դեպքեր եղան: Մի դեպքում կոնֆետի մեջ սպառողը որդեր էր հայտնաբերել, մեկ այլ դեպքում քաղցրաբլիթի մեջ ինչ–որ միջատ էր եղել: Դրանք լուսանկարել և հրապարակել էին նաև մամուլով: Չե՞ք վերահսկում արտադրության սանիտարական վիճակը:
– Ով որ դրա մասին գրում ա, պատվեր ա կատարում: Էդ ճիճուն էլ ծառի վրա ապրող ճիճու ա կամ իրանց մամաների ծոցում ապրող, հանել դրել են կոնֆետի վրա ու նկարել են: …Ես ճիշտ եմ, որ եթե Թուրքիայում ապրում են 6 հարյուր հազար հայ՝ թուրքի ազգանունով, ապա մեր Հայաստանում բավական մեծ քանակությամբ ադրբեջանցի է մնացել հայի ազգանունով, բայց դրանց աստիճանաբար կհայթայթենք, ու դուք բոլորդ դրանց կճանաչեք:
– Այսինքն` եթե մարդը բարձրաձայնում է անորակ ապրանքի մասին, ուրեմն ադրբեջանցի՞ է:
– Ես ասում եմ, որ տենց բան չկա, դա արհեստական, բայց ոչ ստեղծագործական կազմակերպված բան է: Իրենք ավելի ստեղծագործական բաներ կարող են անել, բայց էդքան խելք չունեն: Իսկ մեր ժողովուրդը մեր ապրանքը ընդունել ա, ընդունում ա ու կընդունի, քանի որ մենք որակով ենք աշխատում:
– Իսկ հիմա ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Մի ժամանակ շատ լարված էին:
– Իմ հարաբերությունները ՊԵԿ նախագահի հետ լրիվ անտարբեր են: Ինքը իր գործն է անում այնպես, ինչպես անում է, ես իմ գործն եմ անում: Այնպես որ, մենք իրար հետ ոչինչ չունենք կիսելու: Ձեր ասած լարվածությունն էլ չի եղել, եղել է սխալմունք իրենց կողմից, և իրենք ուղղել են էդ սխալները:
– Ինչպե՞ս են ուղղել:
– Դե դա արդեն հեռախոսով խոսելու թեմա չէ:
– Պարոն Վարդանյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո մի շարք գործարարներ, գործատուներ հայտարարեցին, որ իրենք կփոխհատուցեն իրենց աշխատողների գումարը: Դուք պատրա՞ստ եք փոխհատուցել Ձեր աշխատողների փոխարեն:
– Ոչ մի դեպքում, ես ոչ մեկի տեղը չեմ փոխհատուցի: Իսկ ինչու պետք է փոխհատուցեմ: Մի հատ հաշվեք տեսեք` տարիների ընթացքում դա ինչ թիվ է կազմում: Եվ հետո` ես չեմ հավատում, որ որևէ մեկը կփոխհատուցի այդ գումարը: Օրինակ` ՊԵԿ-ի նախագահը հայտարարե՞լ է, որ ինքն էլ է պատրաստ փոխհատուցել: …Այ էն ժամանակ, երբ ինքը հայտարարի, ես էլ կհայտարարեմ:








































