«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
– Պարոն Ղազինյան,ԵՄ «Արևելյան գործընկերության» Վիլնյուսում կայացած երրորդ գագաթնաժողովում Հայաստանի գրանցած անորոշությունից հետո Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել հայտարարությամբ` դեկտեմբերի 9-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստի ավարտի արդյունքներով: Տեսակետներ են հնչում, թե կային դրական որոշ նոտաներ: Ի՞նչ սպասել ՀՀ-ԵՄ հարաբերություններից առաջիկա ամիսներին:
– Ասեմ, որ Ֆյուլեի հայտարարությունն ինձ համար անակնկալ չէր, քանի որ ԵՄ-ն պետք է ինչ-որ կերպ շարունակեր աշխատել Հայաստանի հետ, իսկ աշխատանքի ձևաչափն արդեն հասկանալի է, առավել մանրամասն կմշակվի ու կքննարկվի հունվար ամսվա ընթացքում, հունվարի վերջին կներկայացվի այն աշխատանքային ծրագիրը, որով Հայաստանն ու Եվրոպական միությունը պետք է աշխատեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Իսկ այն, որ հիմնական ուշադրությունը կդարձվի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դա պետք էր սպասել, որովհետև ԵՄ-ում կա որոշակի հիասթափություն պետական ինստիտուտների գործունեության վերաբերյալ՝ առ այն, որ դրանք չարդարացրեցին Եվրոպական միության ակնկալիքները, սպասելիքները: Հետևաբար ուշադրությունն առավելապես կթեքվի դեպի քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտում կրթության վրա:
– Պարոն Ղազինյան, ո՞րն էր ԵՄ ԱլԳ ճգնաժամը, որի մասին վերջին մի քանի ամիսներին այդքան ակտիվ խոսում էին, ինչո՞ւ չէ՝ նաև քննադատում «արևելյան» քաղաքականությունը:
– ԵՄ-ն, սկսելով ԱլԳ-ն, մինչև վերջ չհաշվարկեց՝ ինչի հետ է գործ ունենալու: Փաստացի, մենք ունեցանք մի իրավիճակ, որտեղ արժեքներին հակադրվեց զենքը, իսկ անվտանգության օրակարգ, գործիքներ ԵՄ-ն, ցավոք սրտի, դեռևս չունի: Այսինքն՝ ԵՄ-ն պատրաստ էր առաջարկել կոնստանտ, կայուն արժեքային համակարգ, կարող էր առաջարկել Հայաստանի տնտեսական օժանդակություն, բայց անվտանգության ոլորտում շատ բան ակնկալել ԵՄ-ից հնարավոր չէր: Դա էր պատճառը, որ ռուս-ադրբեջանական «զենքի գործարքից» հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն դրան հակադրելու որևէ ռեսուրս ու միջոց չունի, նույնիսկ տնտեսական օժանդակության համար պարզ էր, որ ՀՀ տնտեսական կառուցվածքը հնարավորություն չէր տալիս ստանալ առավելագույն ազդեցություն այդ օժանդակությունից, որովհետև տնտեսությունը բավականին մոնոպոլիզացված է և ցանկացած օժանդակություն ի վերջո կբերեր–կհանգեցներ ինչ-որ մարդկանց բանկային հաշիվների: Հետևաբար ԵՄ-ն հասկացավ, որ Հայաստանի հետ հարաբերություններում պետք է մշակել այլ օրակարգ և այլ ձևաչափ, միգուցե օգնության կանչել ԱՄՆ-ին, որն ունի այդ հնարավորությունը, որն ունի անվտանգության ինքնություն, քաղաքական ինքնություն և համաշխարհային հեգեմոնիա բոլոր գործընթացներում:
– Այսինքն՝ ինչի՞ շուրջ է ձևավորվելու, այսպես կոչված, ՀՀ-ԵՄ նոր action plan-ը:
– Արդեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատանքի բաժանում կկատարեն, յուրաքանչյուրը պետք է հասկանա՝ որ ոլորտում է գործելու: Կրթություն, արժեքային համակարգ, առողջապահություն՝ նման կարգի հարցերով կզբաղվի ԵՄ-ն, իսկ անվտանգության՝ կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներն, այնուամենայնիվ, դեռ կմնան ԱՄՆ-ի իրավասության ներքո:
– Իսկ սեպտեմբերի 3-ից հետո նկատո՞ւմ եք ԱՄՆ-ի ակտիվությունը Ձեր մատնանշած աշխարհաքաղաքական խնդիրներում:
– Իմ կողմից դա նկատելի է, հատկապես, երբ մենք տեսնում ենք Պետդեպարտամենտի տարբեր մակարդակի գործիչների այցը ԱլԳ երկրներ: Մինչ այդ նման բան ես չեմ հանդիպել: Եթե եղել է, ինձ հիշեցրեք՝ երբ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեն և աջակցություն են ցուցաբերեն պետության իշխանությունների ընտրած քաղաքականության դեմ պայքարող ժողովրդին: Դա աննախադեպ երևույթ է մեզ համար, և Հայաստանում նույնպես ընթանում են գործընթացներ, որոնք առավելապես ԱՄՆ-ի կողմից ուղղված են անվտանգության համակարգին, հատկապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
– Պարոն Ղազինյան, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Ուկրաինայի «եվրամայդանն» է: Ի՞նչ դասեր պետք է քաղեն Հայաստանը, Ռուսաստանն ու ԵՄ-ն այս օրինակից:
– Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում՝ ժողովուրդը որոշում է կայացրել, ինչ-որ մեկը փորձում է այդ որոշումը ժողովրդից վերցնել, որոշում է երազանքը վերցնել, իր ապագայի նկատմամբ պատկերացումն ու իր երեխաների ապագան վերցնել: Ժողովուրդը դա թույլ չի տալու: ՌԴ-ն չէր հաշվարկել, որ նման խնդրի առաջ կկանգնի Ուկրաինայում, իսկ ԵՄ-ն ինքն էլ բավականին զարմացավ այդ արդյունքից, իսկ ԱՄՆ-ը միանգամից շտապեց օգնության՝ հասկանալով, որ այդտեղ ուժ է գործի դրվում, իսկ ուժի պարագայում ԵՄ-ն շատ քիչ ռեսուրս ունի և տեղ ունի մանևրելու: Հայաստանի ժողովուրդը պետք է իր որոշումը կայացնի, ուրիշ ճանապարհ, ուրիշ հնարավորություն մենք չունենք: Իսկ ժողովրդին որոշում կայացնելու պետք է ուղղորդի կրթությունն ու տեղեկացվածությունը:
-Իրազեկման հարցում թերացե՞լ ենք:
-Այս գործընթացի հակառակորդներին հաջողվեց հայաստանյան ժողովրդին համոզել, որ մենք ունենք անվտանգության խնդիր, իսկ Եվրոպական միությունը մեզ չի կարող տալ անվտանգության երաշխիք: Ինչ որ առումով նրանք ճիշտ դուրս եկան՝ ԵՄ-ն չտվեց և չէր էլ կարող տալ անվտանգության երաշխիք: Հետևաբար նաև պետք է լուծել անվտանգությանը սպառնացող խնդիրները, հետո անցնել քաղաքակրթական կողմնորոշմանը:








































