Նոյեմբերի 27-ից Հանրապետության հրապարակում սկսված Երևանի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 17-ին։
Տոնածառի բարձրությունը 32 մետր է: այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Տոնածառը զարդարվում է 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։
Մեր համաքաղաքացիները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ թեև ամեն տարի կրկնվում է տոնածառը, և ցանկալի է նորությունը, բայց այնպես չէ, որ չեն սիրում հին տոնածառը:
«Փոփոխություններ կցանկանայինք լինեին, բայց արդեն սովորել ենք, տոնածառը սիրում ենք: Այս տարի ձիու տարի է, մեծ հույսեր ունեմ: 2013-ի ամենամեծ ձեռքբերումն ինձ համար իմ երկրորդ բալիկն էր»,- ասաց համաքաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ քաղաքի զարդարանքը, ինչպեսև տոնածառը, կրկնվում է, բայց գեղեցիկ է, և լավ է, որ մտածում են քաղաքի գեղեցկության մասին:
Շատերը անկեղծորեն խոստովանեցին, որ անցնող տարվա ընթացքում ձեռքբերումներ չեն ունեցել:
Հիսունամյա մի տղամարդ էլ խոստովանեց. «Ցանկալի կլինի փոփոխություն, նոր տոնածառ, թարմություն մտնի, բայց սիրուն է այս մեկն էլ: Պետք է հավատալ ամանորյա հրաշքին, այլապես շատ դժվար կլինի…»:









































