Mardik.am-ի փոխանցմամբ՝ երեկ ավագանու նիստից հետո իրենց թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը մոտեցել «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին և հարցրել, թե արդյոք նա չի ցանկանում իրենից ներողություն խնդրել` իրեն վիրավորելու համար:
Ստեփան Սաֆարյանը պատասխանել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ, ինչպես Հրանտ Թոխատյանն է համարում, որ ինքը իրեն վիրավորել է, այնպես էլ ինքն է համարում, որ Հրանտ Թոխատյանն է իրեն վիրավորել:
Հրանտ Թոխատյանն էլ նշել է, որ իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կառուցողական ընդդիմություն չկա, պարզապես իր կարծիքն է եղել, իսկ Ստեփան Սաֆարյանի ասածն արդեն վիրավորանք է: «Դուք ինձ և իմ գործընկերներին եք վիրավորել»,-ասել է Ստեփան Սաֆարյանը և Հրանտ Թոխատյանին կոչ արել չհամարձակվել իշխանությանն արդարացնել ընդդիմությանն ու ընդդիմադիր մարդկանց վիրավորելով ու ոչնչացնելով:
«Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար»,-բացականչել է Հրանտ Թոխատյանը, իսկ Ստեփան Սաֆարյանն էլ պահանջել է իրեն չվիրավորել: «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը` հարգանք ստանաք»,-պատասխանել է Սաֆարյանը:
Խոսակցությունը գնալով թեժացել է և ավագանու անդամները սկսել են միմյանց հետ բարձր տոնով խոսել:«Այդ տոնով ինձ հետ չխոսես»,-ասել է Հրանտ Թոխատյանը։ «Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս»,-պատասխանել է Ստեփան Սաֆարյանը, իսկ Հրանտ Թոխատյանն էլ ավելացրել է, որ թափ կտա և եթե նույնիսկ պետք լինի` կծեծի էլ: «Հապա բախտդ փորձիր»,- արձագանքել է Ստեփան Սաֆարյանը:
Մանրամասները՝ Mardik.am-ում








































