Վաղ թե ուշ Ուկրաինան կդառնա ժողովրդավարական Եվրոպայի մաս, իսկ Ռուսաստանը նրան կհետևի, եթե չմեկուսացնի իրեն և չդառնա «կիսալճացած իմպերիալիստական մասունք»՝ The Financial Times-ում գրել է Զբիգնև Բժեզինսկին:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի մերձեցումը Եվրոպայի հետ անխուսափելի է, քանի որ անկախության 2 տասնամյակի ընթացքում այդ երկրում ձեռք բերված նոր մտածողությունը հաստատում է սեփական պատմական նույնականացումը՝ որպես մեծ Եվրոպայի անքակտելի մաս:
ԵՄ-ն ավելի ըմբռնող պետք է լինի Կիևին տնտեսական և ֆինանսական աջակցության անհրաժեշտության հարցում: Իսկ ուկրաինացիները պետք է գիտակցեն, որ եվրոպացի հարկատուները հիացած չեն Ուկրաինայի իշխող վերնախավի արարքների և կոռուպցիայի դիմաց վճարելու հեռանկարից:
Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակը ներկայում ձևավորվում է նախագահ Վլադիմիր Պուտինի կարոտախտային մոլուցքով՝ երկրի իմպերիալիստական անցյալի մասին: Ռուսաստանի առաջնորդը միամտաբար կարծում է, թե հետխորհրդային պետությունների առաջնորդները կրկին կընդունեն Կրեմլին ենթակա դերը:
Հոդվածագրի կարծիքով՝ ներկայում Ռուսաստանն ի վիճակի չէ բռնի կերպով վերականգնել հին կայսրությունը, իսկ Պուտինի՝ հաջողության հասնելու ջանքերը սահմանափակ հնարավորություններ ունեն:











































